Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, ու մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն` բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությանը:
Նա նկատեց, որ պատերազմի պատճառով գուցե ուշադրություն չեն դարձրել պատվաստումներին, սակայն հիմա կա պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, ինչը թեև պոտենցիալը պատշաճ մակարդակով չի իրականացվում:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, թե այսօր գրանցվել է 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիրներ գտնվում են հիվանդանոցներում: «Երեկ գրանցվել է 16 մահ, արդեն 4000-ի սահմանը, ցավոք, հատել ենք մահերի դեպքերով»,-ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանում հասանելի են արդեն պատվաստանյութերը: «Մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Պատվաստումը այն միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին ու զսպելու հաջորդ աղետալի ընթացքին»,-ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով պատվաստանյութերի ժամկետներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ևս շահարկվում է և հայտնեց, որ բոլոր պատվաստանյութերը ունեն ժամկետներ: «Աշխարհի բոլոր պատվաստանյութերն ունեն պիտանելիության ժամկետ»,-ասաց նա: