ArmLur.am-ը գրել էր, որ պարտադիր ժամկետային զինծառայողները հրաժարվում են ստանալ իրենց ծառայության մեկնելու ծանուցագիրը եւ հայտնվում են մեղադրյալի աթոռին:
Մեզ հետ զրույցում զինվորներից Արսեն Մարանյանի մայրը՝ Մարինե Դավթյանը, հայտնեց, որ իր որդին երբեք չի խուսափել գնալ ծառայել հայրենիքին.
«Ես որպես մայր պատրաստ եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որ իմ որդին մշտապես օրենքով սահմանված կարգով ներկայացել է զինկոմիսարիատ, բայց իմ երեխան ունի առողջական խնդիր, թող առողջական խնդիրը կարգավորվի, այդ ժամանակ գնա եւ իրականացնի իր ծառայությունը: Իմ որդին չի փախչել ու չի փախչում ծառայությունից, այլ պարզապես առողջական խնդիր կա, եւ ի վերջո դատարանը կքննի ու արդար վճիռ կհրապարակի»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, թե Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա 13.07.2021թ.-ին կցագրվել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանումում և ենթակա եղել զորակոչի 2019թ. ձմեռային զորակոչին, սակայն առողջական վիճակի բերումով ստացել է տարկետում մինչև 2020թ. ամառային զորակոչը, որի ընթացքում ներկայացել է տարածքային ստորաբաժանում, անցել համապատասխան հետազոտություններ, ԿԲՀ եզրակացությամբ ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, հրաժարվել է ստանալ զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիր և խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2020թ. ամառային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում: