Ինչ պետք է անեն Հայաստանի ապագա իշխանությունները կամ ամեն ինչ զրոյից սկսելու մասին. politik.am
Advertisement 1000 x 90

Ինչ պետք է անեն Հայաստանի ապագա իշխանությունները կամ ամեն ինչ զրոյից սկսելու մասին. politik.am

Այսօրվանից մեկնարկում է այն քաղաքական գործընթացը, որը կոչված է լինելու Հայաստանը դուրս բերելու հետպատերազմական քաղաքական ճգնաժամից։ Մասնավորապես, ուղիղ կեսօրին ԱԺ-ն հատուկ նիստ կունենա, որում պետք է ընտրեն նոր վարչապետ։ Ինքնին հասկանալի է, որ վարչապետի ընտրություն չի լինի․ քանի որ կա պայմանավորվածություն, որ ոչ մի ֆրակցիա չի առաջադրելու թեկնածու։

Եթե ամեն բան գնա ըստ պլանավորածի կամ ըստ պայմանավորվածությունների, ապա այսօրվա վարչապետի ընտրությունը ձախողվի։ Ինքնին հասկանալի է, որ երկրորդ փուլում էլ ընտրություն չի լինելու, որով խորհրդարանը օրենքի ուժով արձակվելու է եւ սկսվելու է նախընտրական շրջանը, որն ավարտվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Շատ դժվար է ասել, արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլուծեն հետպատերազմական քաղաքական ճգնաժամը։

Ի վերջո, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանում ինչ իշխանություն է ձեւավորվելու, որեւէ միջազգային նշանակություն ունեցող փաստաթղթից Հայաստանի ստորագրության հետկանչ չի լինելու։ Դա արդեն իսկ բացառված բան է, եւ դա հասկանում են բոլորը՝ հայաստանյան ներքաղաքական դաշտի բոլոր խաղացողները, նաեւ հասարակության այն հատվածը, որը քիչ թե շատ ունի քաղաքական հասունություն։ Ավելին, կոնկրետ 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետեւանք հանդիսացող գործողություններն էլ դժվար թե կասեցվեն։ Նման կասեցում թույլ չեն տա բոլորը, որքան էլ օրինակ Երեւանում նման ցանկություն լինի, քանի այն, ինչ տեղի է ունենում, բոլորի սրտով է, ով մեր ռեգիոնում ինչ որ չափով ունի շահեր ու հետաքրքրություններ, արտաքին խաղացողներից։

Ուստի, նոր իշխանության խնդիրը լինելու է արդեն սկսված գործընթացները ավարտին հասցնելը եւ հնարավորինս արագ ու եռանդուն կերպով երկիրը սոցիալ-տնտեսական ու զուտ մարդկային բարոյա-հոգեբանական ճգնաժամից դուրս բերելը, որովհետեւ անվտանգային հարցերում էլ անելիք չունի Հայաստանը, քանի որ ըստ էության, Հայաստանի հետ կապված անվտանգային բոլոր հարցերը գտնվում են ռուսների ձեռքում։ Սա նկատի ունենալով, կարելի է մոտավորապես կանխատեսել, որ Հայաստանի ապագա իշխանությունները պետք է առնվազն լինեն այնպիսին, որ հավատ ու վստահություն ներշնչեն դրսի ներդրողների համար, ապահովեն ներքին կայունություն, որպեսզի հնարավոր լինի կապիտալի ներգրավում դրսից եւ տնտեսության վերականգնում։

Իսկ կայունությունն ու անդորրը ապահովել հնարավոր է միայն համահայաստանյան նոր կոնսենսուսի ձեւավորման պարագայում։ Նախկին կոնսենսուսը, որը կարելի էր ձեւակերպել «ամեն զրկանքի դիմանում ենք, հանուն այն բանի, որ Արցախը մերն է» բանաձեւով այլեւս չկա։ Նոր կոնսենսուս դեռ չի ձեւավորվել։

Ուրեմն՝ պետք է նաեւ ուժեղ ու փորձառու լիդեր, որը կկարողանա այդ նոր կոնսենսուսը ձեւավորել, հաստատել հանրային համերաշխություն ու Հայաստանի համար ապագա ապահովել։ Մեծ հաշվով, ով էլ գա իշխանության, պատկերավոր ասած՝ ամեն ինչ սկսելու է զրոյից, որովհետեւ այն ինչ կար երեք տասնամյակ Հայաստանում, այլեւս չկա, եւ իրապես կարող ենք արձանագրել, որ արտահերթով ձեւավորվում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը։

politik.am



Նման նյութեր