Դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում է պատրաստվել
Advertisement 1000 x 90

Դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում է պատրաստվել

Դիանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար պատրաստել եմ դիմում՝ հասցեագրված Արդարադատության նախարարին և Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին:

Դիմումի ներկայացման դրդապատճառը հանդիսացել է դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից ապօրինի և անբարո դատական ակտի կայացումը, որով մերժել է Արցախյան 3-պատերազմի ընթացքում զոհված հերոսի կնոջ դիմումը՝ երեխայի հայրության ճանաչման պահանջի մասին: Կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնության շարժառիթը հետևյալն է՝ իմ կարծիքով մեր երկրում նման անբարոյական ու արատավոր երևույթներ են կատարվում, քանի որ ոտնահարված են բոլոր սկզբունքներն ու արժեհամակարգերը և մենք՝ որպես փաստաբաններ, որպես իրավաբաններ պետք է ձևավորենք կամ վերականգնենք այն բարոյական սկզբունքներն ու արժեհամակարգերը, որոնք ընկած են պետության կառուցման և ազգի պահպանման հիմքում:

Այս նախաձեռնությունը հենց այդ գործընթացին է ուղղված: Նաև կարևորում եմ դիմումը Ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հանձնաժողովին հասցեագրելը, որպեսզի դատավորները ևս իրենց համայնքում գնահատական տան դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից կայացված անբարոյական դատական ակտի: Համոզմունք ունեմ, որ նման եղանակով ևս կարելի է ձևավորել արժեհամակարգեր ու սկզբունքներ ու ձևավորել իրական ազգ, պետություն:

Տեղադրում եմ կարգապահական վարույթի հարուցման դիմումը, այն բաց է քննարկման, ավելացումների համար: Դիմումի ստորագրման վերջնաժամկետն է կիրակի, երկուշաբթի պետք է մուտքագրենք Արդարադատության նախարարություն և Ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հանձնաժողով:

Հ․Գ․ Ես դիմողի ներկայացուցիչ չեմ և այս գործընթացը չի իրականացվում դիմողի անունից կամ որպես դիմողի ներկայացուցիչ, այս նախաձեռնությունը փաստաբանների կողմից իրականացվող գործընթաց է՝ որպես անբարոյական դատական երևույթների դեմ պայքար»։

Հարգելի ընկերներ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ…

Posted by Diana Grigoryan on Wednesday, May 5, 2021