Ռուսաստանը գործող իշխանությունից ավելի հնազանդ իշխանություն Հայաստանում չի կարող ունենալ. քաղաքագետ. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը գործող իշխանությունից ավելի հնազանդ իշխանություն Հայաստանում չի կարող ունենալ. քաղաքագետ. pastinfo.am

Մեր տարածաշրջանը հետաքրքիր է և բնականաբար տարբեր ուժեր տարբեր քաղաքականություն են վարելու, բայց այդ քաղաքականությունը կախված չէ Հայաստանի քաղաքական դասավորությունից, քանի որ Հայաստանն այլևս քաղաքական սուբյեկտ չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետը չի կարծում, որ գերտերություններն առանձնապես հետաքրքրված են Հայաստանի ներքաղաքական կյանքով, այդ թվում արտահերթ խորհրդարանական ընտրություններով. «Ուրիշ բան, որ կան քաղաքական շատ ուժեր, որոնց հետաքրքրությունը շատ մեծ է և փորձում են ինչ-որ կերպ հետաքրքիր լինել դրսի ուժերի համար»,-նշեց Ստեփան Դանիելյանը։

Հարցին՝ արդյոք Հայաստանում սպասվող ընտրությունները հետաքրքիր չե՞ն գերտերություններին՝ հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները, Ստեփան Դանիելյանը նկատեց՝ տարածաշրջանը հետաքրքիր է, բայց նրանց քաղաքականությունը մեր ներքաղաքական դասավորությունից կախված չէ. «Մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, մեզնից ինչ-որ քաղաքական սուբյեկտ ներկայացնելու համար։ Եթե մի երկիր չի կարողանում իր սահմանները երաշխավորել, եթե մի երկիր ձեռքը պարզած այստեղից ու այնտեղից օգնություն է մուրում, այդ դեպքում տվյալ երկրից չի կարող կախված լինեն, թե ինչ քաղաքական դասավորություն կլինի։ Ինձ չի թվում, որ դա կհետաքրքրի նրանց։ Ամեն մեկն իր քաղաքականությունը կիրականացնի՝ օգտագործելով այլ միջոցներ»,-նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է՝ քաղաքական որ ուժին Ռուսաստանը շահագրգռված կլինի տեսնել որպես ՀՀ կառավարություն, Ստեփան Դանիելյանը նշեց՝ գործող իշխանությունից ավելի հնազանդ իշխանություն Ռուսաստանը չի կարող ունենալ. «Միակ բանը, որ նրանց կարող է մտահոգել այն է, որ այս ուժը չի կարողանում որոշակի կայունություն ապահովել Հայաստանում և անընդհատ նման վիճակներ կարող են ստեղծվել։ Ավելի սթափ իշխանության կարիք կարող են տեսնել, բայց գործող կառավարությունն իրենց ծրագրերին առանձնապես չի խանգարում։ Ինչ ասում են, այն էլ անում է։ Պարզապես չի կարողանում վերահսկել քաղաքական իրավիճակը և կանխատեսելի քաղաքական համակարգ ապահովել։ Բոլոր կառույցները փլուզման վիճակում են։ Դա է խնդիրը»,-ասաց քաղաքագետը։

pastinfo.am



Նման նյութեր