«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին. armeniasputnik.am

Արցախյան պատերազմի լուրը ստանալուն պես Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը շտապեց տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկների խումբ հավաքել Հայաստան մեկնելու և հայ գործընկերներին օգնություն ցուցաբերելու համար։ Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին բժիշկ Խաչատրյանի գլխավորած արդեն թվով 3-րդ մարդասիրական առաքելությանը միացավ ֆրանսահայ լրագրող Նարե Թադևոսյանը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց՝ այլ բան էր լսել ու կարդալ, թե ինչ է հայրենիքում կատարվում, այլ բան էր սեփական աչքերով տեսնել պատերազմում ծանր վիրավորում ստացած զինվորներին։

Արդյունքում նկարահանվեց «Սպիտակ վահան» վավերագրական ֆիլմը։ Այն կարևոր վկայություններ է պարունակում, որոնք ապացուցում են՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանն անթույլատրելի զինատեսակներ է գործածել։ Նկարահանումները կատարվել են երկու հիվանդանոցներում՝ «Էրեբունի» ԲԿ-ում և Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

«Ամենածանր նկարահանումները թերևս այրվածքաբանականում էին, որտեղ 18-20 տարեկան երիտասարդներ էին՝ աննկարագրելի այրվածքներով»,- ասում է Նարեն։

Նրա խոսքով` Լևոն Խաչատրյանի խումբն առաջինն էր, որ բարձրաձայնեց՝ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր է կիրառում Արցախում։

«Մենք ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես են բժիշկները, այսպես ասած, հետաքննություն անցկացնում և ցույց տալիս, թե ինչպես է հատուկ լույսի տակ փայլփլում ֆոսֆորը»։

Անթույլատրելի զինատեսակների կիրառության մասին ֆիլմում խոսում են ոչ միայն ազգությամբ հայ բժիշկները, վիրավոր զինծառայողները, այլև հենց իրենք՝ ֆրանսիացի բժիշկները։

«Շատ կարևոր վկայություն կա ֆիլմում, ֆրանսիացի բժիշկ Պատրիկ Կնիպերը zoom-ի միջոցով միացավ Հայաստանում աշխատող գործընկերներին, և առաջիններից մեկն էր, որ ասաց՝ մեծ հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր է օգտագործվել, այդ մասին են խոսում վերքերը, որոնք անգամ բուժելուց հետո տարածվում են»,- նշում է Նարե Թադևոսյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am