ԵՊՀ-ի գիտխորհուրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ԵՊՀ-ի գիտխորհուրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել. armeniasputnik.am

ԵՊՀ գիտխորհրդի կազմը դժգոհ է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից. սպասելիքները չեն արդարացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«Հանդիպումը ոչ բավարար եմ գնահատում։ Կարծում եմ` նախարարը եկել էր համալսարան զուտ լարվածությունը թուլացնելու նպատակով, ոչ թե խնդիրը լուծելու, բայց իրականում լարվածությունը չթուլացավ, կարող եմ ասել, որ այն ավելի աճեց»,- ասաց նա։

Ըստ Ափոյանի՝ մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարը որևէ բովանդակային առաջարկ և հիմնավորում չներկայացրեց։

«Չհիմնավորվեց, թե ինչ հիմքով պետք է համամասնությունները փոխվեն, խորհրդի կազմը լուծարվի, նոր խորհուրդ ձևավորվի, որևէ բավարար պատասխան չհնչեց, որևէ իրավական հիմնավորում չտրվեց, թե ինչ հիմքով հոգաբարձուների խորհրդի այս անդամների լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր անդամներ նշանակվեն նախարարության կողմից»,- նշեց Ափոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, գիտխորհուրդն ակնկալում էր, որ նախարարը կլսի բուհերի կառավարման խորհուրդների կազմի փոփոխության վերաբերյալ նոր որոշման և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շուրջ եղած բոլոր քննադատությունները, գնահատի բացասական ռիսկերը, համադրի կառավարության այժմյան վարքագծի և մինչև այս տված խոստումների միջև սկզբունքային հակասությունները և օրեցօր խորացող ճգնաժամից դուրս գալու օպտիմալ լուծումներ առաջարկի։

«Առկա հակաօրենսդրական, հակաիրավական, հակասահմանադրական երևույթները պետք է ստիպեին նախարարին, որ կառավարության նախաձեռնած ենթադրյալ հակասահմանադրական որոշումը կյանքի չկոչվի և բուհերը տոտալ վերահսկողության չենթարկվեն, ինչպես տեսանք` նախարարն եկավ, ամբողջությամբ կամայական, կենացների մակարդակով ինչ-որ հայտարարություններ արեց, գնաց»,- հավելեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը այցելել էր ԵՊՀ։ Բուհի գիտխորհրդի կազմի հետ հանդիպման ժամանակ Դումանյանը նշել էր, որ իր համար կարևոր է, որ օր առաջ հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորվի և ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակվի՝ մինչև ՍԴ-ն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մասին որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում էր գրել։ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Բացի այդ, արդեն որերորդ անգամ է՝ տապալվում են բուհի հոգաբարձուների խորհրդի նիստերի անցկացումը, քանի որ նախ խորհրդի անդամների բացակայության պատճառով քվորում չէր լինում, իսկ հետո անդամներից 15-ը դուրս եկան խորհրդից։

armeniasputnik.am