Գառ մորթելու գաղափարը համայնքապետի՞նն էր
Advertisement 1000 x 90

Գառ մորթելու գաղափարը համայնքապետի՞նն էր

Hraparak.am-ը գրում է. Կիրակի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գեղարքունիքյան այցը մի շարք տեսարաններով ուղեկցվեց: Իշխանական թևի ներկայացուցիչները լուսանկարներ ու տեսանյութեր էին տեղադրում սոցցանցերում՝ վերնագրելով «Չնախատեսված կանգառ», «Աննախադեպ հանդիպում» եւ այլն: Իսկ ահա Ակունք համայնքում բնակիչներից մեկն էլ գառ էր բերել՝ Փաշինյանի ոտքերի տակ մատաղ անելու․

«Պիտի մորթեմ, ցավդ տանեմ, ընչի չէ, պիտի մորթեմ»,-համառորեն համոզում էր նա Փաշինյանին, որը այդպես էլ  թույլ չտվեց մորթել անասունին: Փաշինյանի՝ Ակունք այցից մեզ որոշ մանրամասներ պատմեցին՝ ասելով, թե վարչապետի պաշտոնակատարի այցին հատկապես նախապատրաստվել էր համայնքապետը, եւ երկրի ղեկավարի ոտքերի առջև մատաղ անելու միտքը նրանն է եղել: Այցից հետո համայնքի բնակիչներից ոմանք հանդիմանել են մատաղ անել փորձած գյուղացուն:

«Արդարացել է, ասել է՝ ձեռքս գումար չկար, բա ինչ անեի, գառի փողը տվեցին, ես էլ համաձայնեցի»,-ասաց մեր զրուցակիցը: Փաշինյանի ոտքերի առաջ սրտանց մատաղ անել փորձած գյուղացու՝ Մարատի հետ մեզ զրուցել չհաջողվեց, փոխարենը զրուցեցինք Ակունքի համայնքապետ Նիկոլա Խաչատրյանի հետ:

Պարոն Խաչատրյան, մարդիկ նախապես զգուշացվե՞լ էին, որ հավաքվեն ու գան, թե՞ ինքնաբուխ էր:

– Էդքան մարդու ո՞նց կարայիր բերեիր, մարդկանց հավաքել կլինի՞, ինքնաբուխ եկել էին:

Կարելի՞ է ենթադրել, որ ձեր համայնքում Փաշինյանի համակիրները շատ են:

-Դե, գիտեք ոնց, մեր գյուղում ահագին աշխատանքներ են տարվել էս ընթացքում, մի շարք խնդիրներ են լուծվել, ժողովուրդն էլ տեսնում է, գնահատում է:

Վարչապետի պաշտոնակատարի ոտքերի առաջ մատաղ անելու տեսարանը բեմականացվա՞ծ չէր: Ասում են՝ մտահղացումը Ձերն է եղել, նույնիսկ գառի տիրոջը գումար եք տվել, համոզել եք, ստիպված է եղել:

– Ասեմ՝ ինձ համար էլ լրիվ անակնկալ էր էդ: Այ, ցավդ տանեմ, ստիպված, փողով ըսկի չենք կարա համոզենք, որ մեզ ընտրեն: Ուղղակի ինձ շատ հետաքրքիր է, թե որտեղից էդ տեղեկությունները Ձեզ, ով է ասում՝ համայնքի բնակի՞չ, թե՞… Գյուղում ընդդիմադիրներ կան, համոզված եմ,  իրենք էլ հենց տարածում են:

Վերջը` գառը չմորթվե՞ց, վերադարձվե՞ց տիրոջը:

-Գյուղացիները մայիսի 9-ը տոնեցին, տարան, իրենք մորթեցին, կերան:

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/4e9eb96021147be8d03efc075f0ee871