Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին․ Կարեն Ճշմարիտյան
Advertisement 1000 x 90

Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շատերն արդարացիորեն բողոքում են, որ ժողովրդի մի մասը մոլորված են, հիասթափված, և անտարբեր են իրենց իսկ ճակատագրի նկատմամբ, չեն ընկալում իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը և իրենց պատասխանատվության աստիճանը: Սա հասկանալի է…

Սակայն, այս առումով անհիմն են այն պնդումները, թե իբր` եթե պայմանական «կարագը» թանկանա, ապա ժողովուրդն ինքն իրենով զանգվածաբար դուրս կգա փողոց, իսկ այ` Հայրենիքի կորստի վտանգը նրանց չի անհանգստացնում:

Չկա այդպիսի բան… Չի եղել, չկա, և չի կարող լինել: Եթե չկա տեղեկացնող, բացատրող, համոզող և կազմակերպող, ապա` ժողովուրդն ինքն իրենով երբեք և ոչ մի դեպքում զանգվածաբար դուրս չի գալիս փողոց, ոչինչ չի նախաձեռնում, բարձրաձայն չի բողոքում, և զանգվածաբար չի ընդվզում: Կարելի է ասել, որ սա պատմական փաստ է` սկսած Հին Եգիպտոսից ու Սպարտայից, վերջացրած` «Էլեկտրիկ Երևանով» ու 2018թ.-ով:

Առկա է մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս:

Շատերն են տրտնջում ու նյարդայնանում ժողովրդի մի մասի այսպիսի զավեշտալի վարքագծից, սակայն շատ քչերն են պնդում, որ ժողովրդի այդ մասը պարզապես անտեղյակ է, իսկ ավելի ճիշտ` ապակողմնորոշված, ապատեղեկացված, մանիպուլացված և կրկին դաժանորեն խաբված:

Բայց չէ՞ որ, որպեսզի մարդիկ ընկալեն, թմբիրից արթնանան, անտարբեր չլինեն, ճշգրիտ կողմնորոշվեն` պետք է առնվազն տեղյակ լինեն հենց իրողություններին, այլ ոչ թե դրանց մասին հմտորեն մատուցված ստերին ու հորինվածքներին: Ոմանք այն աստիճան ապակողմնորոշված և անտեղյակ են, որ անկեղծորեն այս վարչախմբին երբեմն անվանում են «ազնիվ», «արդար» և «հայրենասեր»:

Քաղաքացիների այս խմբի մեջ երբեք չի կարելի ներառել թրքամոլ տկարամիտներին և գենետիկ շեղվածներին: Նրանցով պետք է զբաղվեն բացառապես կենսաբանները, մարդաբանները, հոգեբաններն ու հոգեթերապեվտները:

Խոսքը նորմալ մարդկանց մասին է, որոնց որդիներն ու եղբայրները, հարազատներն ու մտերիմները տասնյակ հազարներով զոհվել ու վիրավորվել են Հայրենիքի ազատագրման և անկախության համար տասնամյակներ մղվող հերոսական պայքարում:

Այսուհետ, ժողովուրդ ասելով նկատի ենք ունենալու բացառապես նորմալ մարդկանց:

Այս առումով` մի շատ պարզ հարց է առաջանում:

Իսկ ժողովուրդը տեղյա՞կ է, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Իսկ «արդարացիորեն» բողոքողներն ու ժողովրդին աջ ու ձախ մեղադրողները համոզվա՞ծ են, որ բացի այն փաստից, որ ժողովուրդը համոզվել է, որ այս վարչախումբը պարզապես անփորձ, թուլակամ, անօգնական ապիկար է, և հաճախ ստում է, մեր հայրենակիցներն ունեն իրենց հուզող մնացած բոլոր հարցերի լիարժեք ու ճշմարիտ պատասխանները նույնպես:

Օրինակ` մեր ժողովուրդն ունի՞ հետևյալ հարցերի ճշգրիտ, հստակ և փաստարկված պատասխանները.

– ինչու՞, և ովքե՞ր էին խուլիգանաբար հարձակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, համայն հայության սրբավայր եկեղեցու վրա` գրավում Վեհարանը, և ինչու՞ պետությունը մինչ օրս չի պատժել այդ մարդկանց, այլ ընդհակառակը` Վեհափառին է զրկել պետական պահպանությունից,

– ինչու՞, և ովքե՞ր էին փորձում դպրոցից ու բուհերից «Հայոց պատմությունից» և «Հայ գրականությունից» վերացնել Հայ բառը,

– ինչու՞, և ովքե՞ր էին հարձակվում Հայ ընտանեկան ավանդույթների վրա, և ցանկանում օրինականացնել այլասերվածությունն ու պղծությունները, ձգտելով վավերացնել Ստամբուլյան և Լանզարոտի կոնվենցիաները,

– ինչու՞, և ովքե՞ր էին պառակտել հասարակությանը, թուլացրել ու խարխլել պետական բոլոր կառույցները, վերացրել Մշակույթի, Գյուղատնտեսության և Սփյուռքի նախարարությունները, խարխլել տնտեսությունը, քայքայել բանակն ու անվտանգությունը, ոտնահարել մշակույթն ու լեզուն և բոլոր ազգային արժեքները,

– ինչու՞, և ովքե՞ր էին հրահրում պատերազմը, և ինչպես,

– ինչու՞, և ովքե՞ր էին շինծու գործերով բանտարկել, կամ մեկուսացրել բոլոր նրանց, ովքեր գործնականում ի զորու էին կանխել պատերազմն ու արհավիրքը, կամ առնվազն խաթարել նման խայտառակ ելքը,

– ինչու՞, և ովքե՞ր էին, որ պատերազմի սկզբի օրերին Ազգային ժողովում ազնվորեն չհայտարարեցին, չհիմնավորեցին և չպնդեցին, որ ամեն գնով պետք է անհապաղ կանգնեցնել պատերազմը, որովհետև իրենք միգուցե չգիտեն ինչ պետք է անել, ի զորու չեն կառավարել, և իրենց կառավարման պայմաններում այլևս անխուսափելի էր խայտառակ պարտությունը,

– ինչու՞, և ովքե՞ր էին պատերազմի ընթացքում իրենց գործողություններով, կամ անգործությամբ ի սկզբանե նպաստել թշնամու առաջխաղացմանն ու ձախողել հայկական կողմի պաշտպանությունն ու հաղթանակը,

– ինչու՞, և ովքե՞ր էին պարբերաբար մերժել պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկները,

– ինչու՞, և ովքե՞ր են ստիպել պատերազմող կողմերին անհապաղ կանգնեցրել պատերազմը` այս վարչախու՞մբը, թե՞ Ռուսաստանը, որի համար այլևս անընդունելի էր Ադրբեջանի հետագա առաջխաղացումը, և հետևաբար` ո՞ վ է փրկել Արցախից մնացած մասն ու զինվորականների կյանքը,

– ինչու՞, և ովքե՞ր հրապարակավ ու թախանձագին չխնդրեցին ներել իրենց, ավելին` կապիտուլյացիայից հետո անմիջապես չհեռացան, իսկ որոշներն էլ` ինքնասպան չեղան, եթե իսկապես սխալվել էին, հայրենասեր էին, չէին ծրագրել հազարավոր անմեղ զոհերով և արհավիրքներով պարտությունն ու Արցախի, Հայաստանի տարածքների հանձնումը, և իրականում` պարզապես կապիտուլյանտ էին, ոչ թե դիվերսանտ,

– ինչու՞, և ովքե՞ր կապիտուլյացիայից հետո մնացին պաշտոններից կառչած, և ի՞նչ նոր արհավիրքի կազմակերպման նպատակ են հետապնդում` ձգտելով ամեն գնով մնալ իշխանության ղեկին, որպեսզի հանձնեն արդեն Հայաստանի տարածքները, և շարունակեն քայքայել պետությունն ու տնտեսությունը,

– ինչու՞, և ովքե՞ր էին այսչափ ստում, կեղծում իրողությունները, և անթաքույց ծաղրում իրենց հավատացող զանգվածին,

– ինչու՞, և ովքե՞ր են այսչափ ատելությամբ լցված Հայ ազգի, Հայ ժողովրդի և ամեն հայկականի հանդեպ,

կամ`

– ինչու՞, և ովքեր էին տասնամյակներ շարունակ խաբում ժողովրդին, մրոտում ու սևացնում բոլորին և ամեն ինչ, իսկ իշխանության գալուց հետո անմիջապես զբաղվում բացահայտ և անբռնազբոս սարսափելի հովանավորչությամբ, անթաքույց գանձագողությամբ ու թալանով,

և վերջապես, գլխավոր հարցը`

– եթե չլիներ այս վարչախումբը` պատերազմ կլինե՞ր, թե` ոչ, իսկ եթե այնուամենայնիվ լիներ` կհաղթեի՞նք, թե՞ այսպիսի խայտառակ դավադիր պարտություն կկրեինք,

– ինչու՞, և ովքե՞ր են այսօր հանձնում Սյունիքը, Գեղարքունիքն ու Մեղրին:

Սրանք ընդամենը ժողովրդի համար լիարժեք չպարզաբանված հարցերի մի փոքրիկ շարք է, որոնց պատասխանները ժողովրդի մի մասը պարզապես չգիտի: Իսկ եթե ոմանց թվում է, թե գիտեն, ապա` գիտեն ամբողջովին խեղաթյուրված, և առանց որևէ հիմնավոր փաստերի ու փաստարկների:

Պատճառը մեկն է` ճշմարտության փոխարեն ժողովրդին ծրագրված մատուցվել են բացահայտ ստեր, փաստերի փոխարեն` բամբասանք, փաստարկների փոխարեն` հորինվածք, կեղծիքներ և մանիպուլյացիա…

Ժողովրդի համար դյուրին հասանելի առաջնային տեղեկատվական աղբյուրները հենց դա են ապահովել: Մասնավորապես` « ի՞նչ կարող էին անել, եթե նախկինները քանդել էին բանակն ու երկիրը…», կամ «նախկինները ծախել էին…»` տկարամիտների համար հատուկ ձևակերպված եզրույթներից, մինչև` «պատերազմը այսպես թե այնպես լինելու էր, և Արցախը հանձնելու էինք…», կամ «… եթե Հայաստանում և Արցախում ոչ մի դղյակ չլիներ, ապա պատերազմ չէր լինի, կամ կհաղթեինք…»` անտեղյակ չարակամների, գենետիկ նախանձների և շարքային անհայրենիքների համար նախատեսված տգետ բարբաջանքը:

Եթե որևէ մեկը կարող է համոզված պնդել, որ Հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, մանավանդ մարզերում` հստակ տեղյակ են, գիտեն առնվազն նշված հարցերի մանրամասն ու ճշմարիտ պատասխանները, բայց այնուամենայնիվ հավանություն են տալիս վարչախմբի գործունեությանն ու չեն բողոքում, չեն ընդվզում, ապա` կներեք, չափազանց ծանր կլինի որևէ բան փոխել: Նշանակում է` մենք ազգովի դատապարտված ենք…

Սակայն, համոզված եմ, և կարող եմ պնդել, որ իրականությունը լրիվ այլ է` ժողովրդի մի մասն առավելապես անտեղյակ են, ավելին` ապատեղակացված, մանիպուլացված, ու կրկին դաժանորեն խաբված:

Ձեզ թվում է, թե ժողովուրդը մարզերում հարցազրույցներ է նայու՞մ, կամ հոդվածներ, գրառումներ ու մեկնաբանություններ է կարդու՞մ` ՈՉ…

Ոչ, հարգելիներս` ժողովուրդը շարունակում է դիտել «Հ1» և մնացած անորակ սերիալախեղդ եղած իրենց հասանելի հեռուստաալիքները, և ուրիշ ոչինչ…

Այնպես որ, տեղյակ եղեք` մենք ասում, մենք լսում ենք, իսկ ժողովրդի մի մասն այդպես էլ մնում է իրողություններին անհաղորդ:



Նման նյութեր