Օդի աղտոտվածությունը տրանսպորտի պատճառով կարող է կապված լինել դեմենցիայի, այդ թվում՝ մահացու վտանգավոր եւ անբուժելի Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգի հետ։ Այս մասին տեղեկացնում են Դեւիսի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Health Perspectives ամսագրում։
Ինչպես տեղեկացնում է EurekAlert!-ը, փորձի ընթացքում մասնագետները 14 ամսում էգ եւ արու առնետներին ենթարկել են մաքրված կամ կեղտոտված օդի ազդեցությանը։ Հետազոտության մեջ օգտագործվել են ինչպես վայրի, այնպես էլ այնպիսի կենդանիներ, որոնք ունեին Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը նպաստող ու մարդկային ԴՆԹ-ին նմանվող գեներ։ Կրծողներին թեստավորել են 3, 6, 10 եւ 15 ամիս, որպեսզի քանակապես գնահատեն դեմենցիայի հնարավոր դրսեւորումները, ներառյալ նեյրոպաթոլոգիկ փոփոխությունները եւ վարքի խախտումները։
Պարզվել է, որ օդի աղտոտումը՝ կապված ճաապարհային երթեւեկության հետ, ավելի է ընդգծել Ալցհեյմերի հիվանդության կենսամարկերները, ընդ որում՝ ոչ միայն այն կենդանիների մոտ, որոնք ունեն բարձր ռիսկի գեն, այլեւ վայրի տեսակի առնետների մոտ։ Հետազոտողների կարծիքով՝ դա նշանակում է, որ օդի վատ որակը կարող է իսկապես նպաստել տկարամտության զարգացմանը տարեց հասակում եւ բացատրել, թե ինչու է Ալցհեյմերի հիվանդության դեպքերի թիվն աճում ամբողջ աշխարհում։
Կենդանիների ուղեղում հայտնաբերվել են ուլտրամանր պինդ մասնիկներ, որոնց մակարդակն օդում չի նկատվում՝ ի տարբերություն 2,5 միկրոմետր (PM2.5) տրամագիծ ունեցող մասնիկների։ Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել գործող չափորոշիչները, քանի որ դրանք չեն բացառում վտանգավոր ազդեցությունը ծերացող ուղեղի վրա։