FBI-ին տեղեկացրել եմ, որ ՀՀ փոխվարչապետը տեռորիստ է․ Աճեմյանը՝ Ավինյանի հետ միջադեպի մասին. hraparak.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

FBI-ին տեղեկացրել եմ, որ ՀՀ փոխվարչապետը տեռորիստ է․ Աճեմյանը՝ Ավինյանի հետ միջադեպի մասին. hraparak.am

Մայիսի 27-ին  Հայաստանի ժամանակով ժամը 00:42-ին վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զանգել է իրեն ու սպառնացել է։

«Հենց նոր զանգել էր Տիգրան Ավինյանը…զապիսը կա կյանքիս ու առողջությանս սպառնալիքներով։ Ինչպես տեսնում եք, խոսակցությունը տևել է 19 վայրկյան։

Դրան մեկդ ասեք, որ Ամերիկա չի մտնելու։ Հենց հիմա գնում եմ FBI [Հետաքննության դաշնային բյուրո]», – գրել էր Աճեմյանը, ով այժմ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Հրապարակն» Աճեմյանից հետաքրքրվեց, թե ինչու է Ավինյանը զանգել իրեն ու սպառնացել։

«Զանգել է, սեռական բնույթի հայհոյանքներ՝ «Արա՛, էս ո՞նց ես առիթավորվել․․․ աճել ես»։ Դրան հաջորդել է իմ պատասխանը նույն ձևով՝ սեռական բնույթի հայհոյանքներով։ Հետո ասաց՝ «Էս եմ անելու․․․ հլը մտի Հայաստան», ու այդպես շարունակվեց՝ «էս կանեմ», «էն կանեմ», «Ոտերդ կջարդեմ», «Կտանեմ, կբերեմ»։ 19 վայրկյան է տևել մեր խոսակցությունը։ Դրանի հետո գնացել եմ այստեղի FBI, տեղեկացրել եմ, որ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը տեռորիստ է, միջազգային ընդ որում, որ ինքը կարողանում է աշխարհի մի կողմից մյուս կողմ տեռորի ենթարկել։ Ինքն ի՞նչու նախկինում այսպիսի բան չի արել, որովհետև պաշտոնատար անձ չի եղել։ Երբևէ ագրեսիվ մարդ չի եղել, պաշտոնատար անձ լինելուց առաջ էլ իրեն ճանաչել եմ։ Բայց հենց պաշտոնի է անցել, այսպես ագրեսիվացել է։ Ի՞նչ է նշանակում, նշանակում է պաշտոնից է։ Նշանակում է, որ ինքն իր կապերը կօգտագործի բնականաբար նման բաների հասնելու համար և այլն», – ասաց Աճեմյանը։

Հարցերին՝ «կարե՞լի է ասել, սա կապված է ձեր ընդդիմադիր հայացքների հետ և նաև, որ նախկինում թիմակից եք եղել» և «FBI-ն ի՞նչ պատասխան տվեց, երբ որ ասացիք, որ Հայաստանի փոխվարչապետն էսպիսի բաներ է արել», պատասխանեց․

«Միանշակ է, որ դա կապված է իմ ընդդիմադիր հայացքների հետ։ Թե չէ հո՞ չէր զանգել Դալմա Գարդեն մոլի Նվեր քարտ նվիրելու համար։ FBI-ում ասացին՝ «Ուղղակի խնդրում ենք մի քիչ այնպես արեք, որ սիտուացիան մի քիչ, այսպես, էսկալացիայի չգնա։ Ոչ մի բան մի գրեք, ոչ մի փոստ մի արեք մոտակա ժամանակները։ Մենք Ձեզ գործի ընթացքի մասին տեղյակ կպահենք», «Ու զգույշ եղեք» և այլն։ «Եթե պետք է, կարող եք գալ, այստեղ ապաստան տանք ․․․», այսինքն՝ FBI-ի շենքում։ Ասացի, որ նորմալ է, ինքը [Ավինյանը] Հայաստանում է»։

Աճեմյանն ասաց, որ բավարարված է Հետաքննության դաշնային բյուրոյի մոտեցումից։

«Դե ստանդարտ մոտեցում է։ Իրենք բոլորին էլ հարցնում են, եթե դուք պաշտպանության կարիք ունեք։ Դե որ գործն ընդունեցին ու ընթացք տվեցին, այդ առումով բավարարված եմ», – ասաց  վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչը՝ պատասխանելով հարցին, թե FBI-ի մոտեցումից բավարարված է և պաշտպանված է զգում։

hraparak.am