Թուրքին հաղթելու կապակցությամբ․ ի՞նչ առեղծված է թաքցնում Կոշի մուտքի մոտ գտնվող խաչքարը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Թուրքին հաղթելու կապակցությամբ․ ի՞նչ առեղծված է թաքցնում Կոշի մուտքի մոտ գտնվող խաչքարը. armeniasputnik.am

Առաջին հայացքից սովորական թվացող Կոշ գյուղն իրականում այնքան էլ սովորական չէ։ Դրանում համոզվելու համար պարտադիր չէ երկար փորփրել հին աղբյուրները, բավական է գյուղ այցելել և տեսնել ճարտարապետական բազմաթիվ հուշարձանները։ Կոշ բնակավայրը հայտնի է դեռևս վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից (ձեռագրերում հիշատակվում է Կվաշ անվանումով):

Այստեղ կարելի է տեսնել մի քանի հազար տարվա կիկլոպյան ամրոցի ավերակները, XIII դարի Կոշի ամրոցը, որի կողքին վեր է խոյանում նույն դարաշրջանի «թևավոր խաչքարը», Կոշավանքը՝ VII դարով թվագրվող Սուրբ Ստեփանոս եկեղեցով և մատուռով, XIII դարի խաչքարերով գերեզմանոցը, միջնադարյան ջրամբարի մնացորդները, XVIII դարի ձիթհանը, 1891 թվականի Սուրբ Գևորգ եկեղեցին և XIII դարի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խաչքարը, որը տեղադրվել է Կոշից հարավ՝ Երևան-Գյումրի մայրուղու մոտ։ Ի դեպ, այդ նույն ճանապարհը ժամանակին Դվինը կապում էր Անիի հետ։

Շուրջ յոթ մետր բարձրությամբ հսկայական խաչքարը 1194 թվականին կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա Տեր Պետրոս Ականատեսի կողմից և նվիրված է Արագածոտնն ու հարակից շրջանները թուրք-սելջուկներից ազատագրելուն:

Խաչքարի պատվանդանին 10 տող կարևոր արձանագրություն կա. վիմագիրը բացահայտում է, որ Պետրոս վարդապետը Արագածոտնի ազատարարներին տեսել էր 1175թ. տեսիլքում, որի պատճառով էլ հավանաբար կոչվել է ականատես:

Դրանից 20 տարի անց հոգևոր հոր մարգարեությունն իրականանում է։

Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները հայ-վրացական միացյալ բանակով սելջուկ-թուրքերից ազատագրում են հայկական տարածքները, այդ թվում՝ Արագածոտնը։

Պետրոսը, ի հիշատակ մարգարեության, հուշարձան-խաչքար է կանգնեցնում։

Հետաքրքիր է, որ Իվանեն ու Զաքարեն առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվել Պետրոսին։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևելյան պատի գրության մեջ նրան անվանում են «հավատքի ճշմարիտ սպասավոր և շնորհալի ուսուցիչ»։

VII տաճարի շուրջ կառուցված վանական համալիրը Պետրոսի օրոք իսկական ծաղկունք է ապրել։ Այնտեղ սկսել է գրչության կենտրոն գործել։ Պատմաբանների կարծիքով` Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատերին որմնանկարներ են հայտնվել հենց այդ ժամանակ։

Պետրոս Ականատեսն իր ամբողջ կյանքում ապրել է Կոշավանքում՝ արդարացնելով իր «երկրորդ» անունը։ Նա իրենցից հետո ծաղկուն վանական համալիր է թողել, որը մինչև 20-րդ դարի կեսը հոգևոր և մշակութային ազդեցիկ կենտրոն է եղել։

armeniasputnik.am