Զինված ուժեր եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը, իշխանության են եկել սրիկա մարդիկ՝ անկառավարելի, անկազմակերպ, այս ի՞նչ է կատարվում. Նորատ Տեր-Գրիգորյանց
Advertisement 1000 x 90

Զինված ուժեր եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը, իշխանության են եկել սրիկա մարդիկ՝ անկառավարելի, անկազմակերպ, այս ի՞նչ է կատարվում. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ՝ հատկապես ՊՆ-ն»,- 168.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Գեներալ Տեր-Գրիգորյանցը նշեց. «Այս ի՞նչ է եղել մեր զորքի հետ, սա ի՞նչ է… սա վրդովեցնող է: Ինչո՞ւ են ընդհանրապես ադրբեջանցիների մուտք թույլ տալիս մեր տարածք, սա խախտում է, չէ՞, բանակն է պատասխանատու երկրի անվտանգության համար, որտե՞ղ է ՊՆ-ն, ինչպե՞ս են նրանք պաշտպանությունը կազմակերպել, ինչպե՞ս են սահմանը պահում: Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ես վրդովված եմ, ամոթալի է, ամոթալի»:

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է, որովհետև սխալ են պայմանավորվել, սխալ են կազմակերպել, սխալ են հստակեցրել սահմանը, իսկ Ալիևը լկտի է, նրան որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկում, նրան ռազմական տրիբունալը պետք է դատի, սակայն նման բան տեղի չի ունենա, «նա իրեն լկտի է դրսևորում, ծաղրում է հայերին, ծաղրում է Հայաստանը, նա իրեն պահում է փողոցային խուլիգանի նման հեռուստացույցով բռունցքով գոռում է «Փաշինյա՜ն», և մարսում է»»:

Իսկ հայկական կողմը, Տեր-Գրիգորյանցի տպավորությամբ, որևէ միջոց չի ձեռնարկում, հայ զինվորները չեն պատերազմում, կանգնած են, իսկ ադրբեջանցիները մտել, գերեվարել են մեր զինվորին:

«Ինչպե՞ս է ստացվել: Ի՞նչ զինվորներ են նրանք: Ես բանակ եմ ստեղծել, Զինված ուժեր, որոնք հաղթել են, ազատագրել Ղարաբաղը, երկիր են պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը, չգիտեմ, թե ինչ են արել, իշխանության են եկել սրիկա մարդիկ, անկառավարելի, անկազմակերպ, չնվիրված․․․ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում: Ի՞նչ եք անում, ես վրդովված եմ»,- ասաց գեներալը:

Նա զարմանում է նաև, թե ինչպես է ղեկավարում Պաշտպանության նախարարը, հրամանատարությունը, ղեկավարությունը, ինչպե՞ս են նրանք պաշտպանություն, պահպանություն կազմակերպում:

«Ինչպե՞ս է ստացվում, որ զինվորը նստում է նստարանին, նրան մոտենում է ադրբեջանցի զինվորը և ասում՝ «դու գերեվարվել ես»: Ի՞նչ է՝ այդպես լինո՞ւմ է ընդհանրապես: Մեր զինվորները հերոսներ են, հերոսաբար են կռվել, ինչպե՞ս է սա թույլ տրվել, այնտեղ սահմաններ կան, չէ՞, «արգելակներ», ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ, հատկապես ՊՆ-ն: Բոլոր գեներալներին, սպաներին հանեցին պաշտոններից, երևի թե էլ մարդ չկա՝ ղեկավարի: Ուրեմն հեռացրեք բանակը, եթե չեք կարողանում ղեկավարել: Սա է իմ կարծիքը»,- բարկացած նշեց գեներալ Տեր-Գրիգորյանցը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու մասին հարցին՝ ռուսաստանաբնակ հայ գեներալն ասաց, որ այս գործում հիմարներ չկան:

«Ինչպե՞ս ես դու դիմում, պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ին, եթե դու ինքդ չես կարող կազմակերպել սեփական սահմանդ: Ցանկանում եք, որպեսզի ինչ-որ մեկը՝ ռուսները, ղազախները, թուրքմենները, ուզբեկները գան, Ձեր սահմանը պաշտպանե՞ն, հիմարներ չկան, նույնիսկ ամոթալի է: Եթե պատերազմ լիներ, ապա դա այլ հարց, ուժերը չէին բավականացնի, կգային-կաջակցեին, բայց այստեղ պատերազմ չկա, անվտանգության համար պատասխանատու է ԶՈՒ-ն ու ՊՆ ղեկավարը: Այդ մարդն ընդհանրապես գաղափար ունի՞՝ ինչ է նշանակում՝ անվտանգություն, նա ընդհանրապես կառավարո՞ւմ է ԶՈՒ-ն, նա խնդիր դնո՞ւմ է, նա գիտի՞, թե որտեղ են կանգնած զորքերը, որտե՞ղ են հրամանատարները, դիվիզիաների հրամանատարները, ստորաբաժանումները, ի՞նչ է կատարվում ընդհանրապես: Մինչ այս դեպքը՝ նախկին գերիներին ևս չեն վերադարձրել, այդ մարդիկ ինչպե՞ս էին գերի ընկել, նրանց ճիշտ հրամաններ չէին տվել, որպեսզի ճիշտ պահի նրանք վերադառնային ելման դիրքեր: Զարմանալի բաներ են տեղի ունենում Հայաստանում»,- ասաց գեներալը:

Նա նշեց, որ իր սիրտը պարզապես ցավում է: «Ձեզ մոտ այս բարդակների պատճառով Կոմանդոսը նույնիսկ մահացավ, սիրտը չդիմացավ: Ես իմ ընկերների հետ ստեղծել եմ Զինված ուժեր, մենք ազատագրել ենք Ղարաբաղը, և 30 տարի լիարժեքորեն Հայաստանին ոչ մեկը չի մոտեցել , նկատե՞լ եք, թե՞ ոչ: Ես ՀՀ տարածքում Ռուսաստանի անկլավ եմ ստեղծել, տեղակայել եմ 107-րդ մարտական դիվիզիան, ստեղծել եմ բազա, քանի որ մենք, Ռուսաստանից բացի, այլ դաշնակից չունենք: Մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա վրդովմունքով հիշեց ՌԴ դեսպանատան մոտ ՀՀ-ից ռուսական բազան դուրս բերելու պահանջով ակցիաները: «Իսկ «Սասնա ծռերը» և մնացած սրիկաները դուրս են գալիս ՌԴ դեսպանատան դեմ և ասում են. «ռուսներ, Ձեր բազայով գնացեք այստեղից»: 3 դոլարով ծախվածներ, անպիտան մարդիկ, իսկ իշխանությունները նրանց պատասխանատվության չեն ենթարկում: Միակ դաշնակցին, հզոր միջուկային տերությանն արդեն մեջքով եք շրջվում, ի՞նչ է, Ալիևը հիմա՞ր է, ի՞նչ է: Նա տեսնում է, որ շրջապատում բոլորը թշնամի են հայերի համար, իսկ Ռուսաստանը միակ դաշնակիցն է, ՀՀ-ն թքում է այդ ուղղությամբ, ու Ալիևը գալիս է Հայաստանի ուղղությամբ, որն էլ իր հերթին՝ պաշտպանվել չի կարողանում»,- աշխարհաքաղաքական իրավիճակը կարճ այսպես նկարագրեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Եվ եզրափակելով իր խոսքը՝ նա նշեց. «Այս ի՞նչ ժողովուրդ ենք մենք, այս ինչպիսի՞ ղեկավարներ են գալիս իշխանության»:



Նման նյութեր