Գորիսում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նկատեցինք ԱԺ հաշվեկշռում գրանցված 009 HH 11 պետհամարանիշով սև Toyota Camry ավտոմեքենա, որը կանգնած էր հանրահավաքի վայրում: Համարներից կռահեցինք, որ իմքայլական պատգամավորի մեքենա է:
Պարզեցինք, որ մեքենան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով Գորիսից Արմեն Խաչատրյանի մեքենան է: Քոչարյանի ախոյանի թիմակցի մեքենան Քոչարյանի դաշինքի հանրահավաքին տեսնելը, մեղմ ասած, տարօրինակ էր: Թեև Խաչատրյանը, ինչպես նշեցինք, ծնունդով Գորիսից է, և նրա` Գորիսում գտնվելը նորմալ էր, բայց զարմանալի էր հանրահավաքի վայրում գտնվելը:
Փորձեցինք կապ հաստատել Արմեն Խաչատրյանի հետ`հասկանալու, թե հատո՞ւկ էր հայտնվել հանրահավաքի վայրում, սակայն նա մեր զանգերին չարձագանքեց: Ավելի ուշ հանրահավաքի մասնակիցներից մեզ ասացին, որ Խաչատրյանը ևս տարածքում է եղել, նա մարզպետարանի պատուհանից հետևում էր Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հանրահավաքին: