Թագավորական կենսագիր Անջելա Լեւինը պատմել է, որ Հարին իր հոգեկան առողջության պատճառով շատ սխալ է անում։ Բուքինգհեմյան պալատը խիստ մտահոգված է արքայազնի հուզական վիճակով։
Արքայազն Հարիի հերթական անկեղծ հարցազրույցից հետո, որում նա հորը մեղադրել է իր մանկական տրավմաների համար, բրիտանացիները նոր ուժով դեմ են դուրս եկել Եղիսաբեթ II-ի կրտսեր թոռանը: Համացանցում նույնիսկ խնդրագիր է հայտնվել, որում խնդրում են Սասեքսի դուքսին զրկել բոլոր պատվավոր տիտղոսներից։
Խնդրագիրը մեկ օրում ստորագրել են Մեծ Բրիտանիայի ավելի քան 50 հազար բնակիչներ: Սակայն կենսագիր Անջելա Լեւինը վստահ է, որ թագավորական ընտանիքը նման ծայրահեղ միջոցների չի դիմի։ Նրա խոսքով՝ Եղիսաբեթ II-րդը չի խզի թոռան հետ հարաբերությունները, չնայած սկանդալների շարքին, որոնք նա հրահրել է: Լեւինը պնդում է, որ ընտանիքի բոլոր անդամները խնայում եւ ներում են Հարիին իր հոգեկան վիճակի պատճառով:
«Եթե նրա առջեւ դուռը փակեն, ապա հետեւանքները կարող են աղետալի լինել», – պատմել է կենսագիրն իր Twitter-ում:
Ինքը՝ Հարին, «Իմ անտեսանելի կողմը» վավերագրական սերիալում խոստովանել է, որ իր մոտ իսկապես եղել են հոգեբանական խնդիրներ։ Արքայազնի խոսքով՝ երիտասարդ տարիքում նա չարաշահել է ալկոհոլը եւ տառապել տագնապային նոպաներից։
Օրերս Սասեքսի դուքսեր Հարին եւ Մեգան Մարքլը դուստր են ունեցել: Փոքրիկին կնքել են թագուհու եւ արքայադուստր Դիանայի պատվին։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Հարին եւ նրա կինը տեսակապի միջոցով զանգահարել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ ցույց են տվել երեխային: