«Երկու վախը մի մահ է», կամ Արեն Մկրտչյանի սարսափ երազները
Advertisement 1000 x 90

«Երկու վախը մի մահ է», կամ Արեն Մկրտչյանի սարսափ երազները

«Ահազանգեր ենք ստանում, որ Թումանյանի շրջանի համայնքներից մեկում վարչական ղեկավարը բնակիչներին մեկ առ մեկ կանչում է գյուղապետարան, ենթարկում ճնշումների, բանակցում, դրդում ընտրել կոնկրետ դաշինքի։ Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու, զգուշացնում եմ։ Համբերությունս չչափեք, ոտատակ կտանք»,- այս տողերի հեղինակը իմքայլական դե յուրե պատգամավոր, դե ֆակտո ուսապարկ Արեն Մկրտչյանն է:

Հոգեբանները միգուցե բացատրեն՝ իրականում ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ վերջինս ինչ-որ կայքի սպորտային լուրեր թարգմանողից կեղծ ավտովթար բեմականացնելու ու մի քանի օր գլուխը բինտով փաթաթած ճանապարհ փակելու արդյունքում հայտնվում է Ազգային ժողովում և այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս պատգամավորի կարգավիճակում:

Բնական է, դժվար է դիմանալ սեփական անձը «Ռեմբոյի» տեղ չդնելու գայթակղությանը, ու միգուցե իր երևակայական մտապատկերում ինքն այնքան է մեծացել, որ մարդկանց ոտատակ տալուց է խոսում:

Առավել բացատրելի է վախի գործոնի փաստը: Հասկանալիորեն մի քանի օր անց իր աչքերի առջև ունենալիք տխուր հեռանկարը՝ իր բոլոր «շքեղությամբ», կարող է մարդուն հավասարակշռությունից հանել:

Մեր տատիկ-պապիկներն ասում էին՝ «երկու վախը մի մահ է», ու թերևս դրանով կարող է բացատրվել նաև նման վարքագիծը, որն, ի դեպ, վերջին օրերի մարզային ու մայրաքաղաքային հանդիպումների ժամանակ ցայտուն ցուցադրում է Արեն Մկրտչյանի քաղաքական թիմի առաջնորդը:

Իհարկե, վարչական ռեսուրսի ներգրավումը քարոզարշավի ժամանակ անընդունելի է, բայց զզվելի է, երբ դրանից խոսում է մի թիմի անդամ, որի նախընտրական ողջ քարոզարշավի մասնակիցների ճնշող մեծամասնությունը վարչական ռեսուրսն է, առանց որի ներկայության պարզապես կտապալվի նրանց որևէ մարզային այց կամ Երևանի համայնքային հանդիպում:

Ինչ վերաբերում է ոտատակ տալուն, դա իրոք տխուր հեռանկար է Արեն Մկրտչյանի համար, որովհետև այս երկրում կան մարդիկ, ովքեր բավականին իրազեկ են ու շատ լավ հիշողություն ունեն: Բացի դրանից, նաև «թասիբ» ունեն: Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու, տանջամահ անելու համար մոնտաժված «տուշոնկա շոուի» արձագանքը դեռ վստահաբար շատ է հնչելու Արեն Մկրտչյանի ականջներում:

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ քաղաքացի