Խաղի կանոնները փոխվում են. ինչ քայլերի կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խաղի կանոնները փոխվում են. ինչ քայլերի կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը. armeniasputnik.am

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թերևս, ինչ-որ չափով շոկ են դարձել ընդդիմության համար։ Հազիվ թե նրանք սպասում էին իշխանությունների այդքան համոզիչ հաղթանակին։

Մի քանի ելք կա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, առաջին հերթին «Հայաստան» դաշինքը, հիմա գործողությունների մի քանի տարբերակ ունեն։ Դաշինքն արդեն հայտարարել է, որ չի ճանաչի քվեարկության արդյունքներն այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր իրական և ենթադրյալ խախտումներն ամենամանրակրկիտ կերպով չեն քննվել: Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը կբողոքարկի արդյունքները Սահմանադրական դատարանում․ այնուամենայնիվ, դժվար թե արդյունքները լուրջ փոփոխությունների ենթարկվեն։

Կա՛մ խորհրդարան, կա՛մ փողոցներ

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ այս պայմաններում կողմերը պետք է կամ պայմանավորվեն խաղի կանոնների մասին կամ առճակատման հետագա ուժգնացման գնան։

«Ընդդիմությունը կա՛մ վերցնում է մանդատները և գնում է իշխանության հետ աշխատելու, կա՛մ հրաժարվում է մանդատներից, չի ճանաչում ընտրությունների արդյունքներն ու իր կողմնակիցներին հանում է փողոց, որպեսզի հանրային դժգոհություն գեներացնի, իշխանությանը ստիպի ձայների վերահաշվարկ իրականացնել և այլն»,-նշեց Բալասանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ընդդիմությունը՝ որպես բալանս

Փաշինյանի հիմնական մրցակիցն, ի դեմս Քոչարյանի դաշինքի, դեռ չի շտապում բացել խաղաքարտերը։ Դաշինքն առայժմ հայտարարել է միայն քվեարկության արդյունքները չընդունելու մասին։ Ընդդիմությանը, ըստ էության, կարելի է հասկանալ. այն հիմա ընտրության առաջ է կանգնած. մի կողմից՝ 30-ից ավելի մանդատը փոքր թիվ չէ (հենց այդքան նրանք կարող են ստանալ քվեարկության արդյունքում)։

Այդ 30 մանդատին կարելի է ավելացնել ևս 6-7 մանդատ (թիվը կարող է փոխվել՝ կախված Ընտրական օրենսգրքի անհասկանալի հանրահաշվական քաշքշուկներից), որոնք կարող է ստանալ «Պատիվ ունեմ» դաշինքը։ Եվ դառնալ, թեկուզ հազիվհազ, բայց իշխանությանը հավասարակշռող գործոն՝ նպաստելով զսպման և հակակշիռների մեխանիզմների ստեղծմանը։

Իսկ դա հենց այն է, ինչի կարիքը երկրի քաղաքական համակարգն ամենաշատն ունի։ Մյուս կողմից, իհարկե, մեծ է շախմատային տախտակը շուռ տալու և զանգվածները փողոց հանելու գայթակղությունը, բայց քանի որ նման քայլի հետևանքներն անկանխատեսելի են, Փաշինյանի հակառակորդները ստիպված կլինեն յոթ անգամ չափել, նոր կտրել, ինչն էլ, ի դեպ, անում են՝ դատելով նրանց լռությունից։

Նորից հաշվեհարդարնե՞ր

Քվեարկության արդյունքներն, այնուամենայնիվ, լեգիտիմության հզոր պաշար տվեցին գործող ղեկավարությանը, ամրապնդելով նրա՝ վերջերս տատանվող դիրքերը։ Փաշինյանի թիմն այսուհետ ընդդիմության նկատմամբ շատ ավելի վստահ կգործի։

Այսպես. երեկոյան, երբ ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել, Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ակնարկեց տեղական ինքնակառավարման մարմիններում կադրային զտումների մասին։ Բոլոր այն համայնքապետները, քաղաքապետները, որոնք առաջադրվել էին ընդդիմադիր ցուցակներով, շուտով հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Արսեն Թորոսյանը անուններ չտվեց, բայց կարելի է ենթադրել, որ խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերվել Սյունիքի մարզի քաղաքապետներին, որոնք մեծամասամբ պաշտպանում էին Քոչարյանի դաշինքին։

«Կադրային և քրեական հաշվեհարդարների հավանականությունն իհարկե մեծ է։ Բայց Թորոսյանի հայտարարությունները բավական վիճելի են օրինականության և Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից։ Քաղաքացիները, այդ թվում պաշտոնատար անձինք, չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար։ Իշխանության հռետորաբանությունը հակասում է իր իսկ հռչակած սկզբունքներին ու սահմանումներին»,-ասաց փորձագետը։

Իշխանությունը մի կողմից խոսում է ընտրությունների բացառիկ դերի մասին՝ որպես լեգիտիմության կարևորագույն աղբյուր, մյուս կողմից սպառնում է հաշվեհարդար տեսնել օրինական ընտրված քաղաքապետների հետ։ Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը պետք է գոնե այս փուլում զսպի իր համակիրների չափազանց ակտիվությունն ու էյֆորիան, քանի որ դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը հաղթել է մարտու՞մ, թե՞ պատերազմում։

Նոր ընդդիմության հետ հեշտ չի լինի

Քաղաքագետը նշեց, որ նոր խորհրդարանը նախորդից կտարբերվի նախևառաջ ընդդիմության անզիջումությամբ: Բանն այն է, որ թե՛ «Բարգավաճ Հայաստանը», թե՛ «Լուսավոր Հայաստանը» տարբեր իրավիճակներում լիովին ենթարկվում էին իշխանության խաղի կանոններին՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների գնալով։

Ի տարբերություն նրանց՝ նորընտիր խորհրդարանական ընդդիմությունն ավելի կոշտ ու անհաշտ կլինի։ Նա գրեթե վստահ է, որ Փաշինյանի համար շատ դժվար կլինի խորհրդարանում պայմանավորվել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ։ Փորձագետը վստահ է, որ նման բազմակարծությունը միայն դրական է երկրի ու հասարակության համար։

armeniasputnik.am



Նման նյութեր