Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի թաղամասերում տեղադրվում են ժամանակակից կանգառներ, որոնք շատ շուտով կսպասարկեն բնակչության ուղեւորափոխադրման կարիքները։
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, կանգառները տեղադրվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագիրը նախատեսված էր իրականացնել 2020 թվականին, սակայն տարբեր պատճառներով շինարարական աշխատանքները տեղափոխվել եւ իրականացվում են 2021 թվականի ընթացքում։ Կանգառները տեղադրվում են Գավառի կենտրոնական փողոցում, Արծվաքար եւ Հացառատ թաղամասերում։
«Կանգառները մեր քաղաքացիներին տրանսպորտային միջոցներին սպասելիս ոչ միայն կպաշտպանեն քամուց, անձրեւից ու արեւից, այլ նաեւ տեղեկություններ կտան մեր քաղաքի պատմամշակութային արժեքների մասին, քանի որ դրանցում տեղադրվել են պատմամշակութային հուշարձանների լուսանկարներ՝ տեղեկատվական անհրաժեշտ նյութերով։ Կանգառները գիշերները կլինեն լուսավորված։ Օրերի ընթացքում դրանք կհանձնվեն շահագործման»,- նշեցին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան