Գիտեք, որ մաքսային փոփոխությունների արդյունքում, մենք՝ավտոներկրողներս, 2019-ից չկարողացանք մեքենա ներկրել ու հիմա մենք մնացել ենք այս վիճակում,չենք կարողանում 2019-ի դրույքաչափով մաքսազերծենք այդ մեքենաները, որոնք մնացել են Վրաստանում ու Հայաստանում։ Այս մասին քիչ առաջ ՊԵԿ շենքի դիմաց ավտոներկրողների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Ահարոն Սարուխանյանը , վերջինիս պնդմամբ՝ ավտոներկրմամբ է զբաղվում արդեն 5 տարի։
«Այո, փաստացի չենք կարողանում մաքսազերծել, որովհետև կառավարությունը չի թողնում, իսկ մենք ուզում ենք, որ դա անենք, կրկնում եմ, միայն ու միայն 2019-ի դրույքաչափով։ Շատ թանկ է, անհնար է ուղղակի։ Օրինակ՝ 2010 թվականի արտադրության մեքենայի համար այն ժամանակ պիտի վճարեինք 400 դոլար, հիմա պիտի վճարենք 2,5 մլն։ Մենք դիմել ենք ՊԵԿ-ին, ասել ենք՝ կորոնավիրուս է,ճանապարհները փակ են, ժամանակ տվեք ,որ հետո գնանք գոնե մեքենաները բերենք, բայց դե ոնց տեսնում եք՝ ոչ մի բան չեմ արել։ Ես, օրինակ, 3 հատ Վրաստանում ունեմ, երկու հատ էլ ստեղ։ Բա տուգանքները ,100 հազար տուգանք է գալիս ԴԱՀԿ-ից, թե մեքենան չեք մաքսազերծել ։Դա էլ ենք վճարել, չենք հրաժարվել ու հիմա սենց օդի մեջ ենք։ Մեր պահանջը այն է, որ դրույքաչափը իջեցնեն։ Մարդիկ ուղղակի վարկերի տակ են մնացել, հիմա գոնե թող վաճառեն, որ էդ հարցերը կարողանանք լուծել»,- ասաց նա։