Եվգենյա Պետերսոնը, ով աշխարհին հայտնի է Ինդրա Դևի անվամբ, դարձել է յոգայի Առաջին տիկինը, մարդ, ով յոգան բացահայտեց ոչ միայն Եվրոպայում ու Ամերիկայում, այլև ԽՍՀՄ-ում: Իր երկար կյանքի ընթացքում Եվգենյա Պետերսոնը մի քանի անգամ հիմնովին փոխել է իր կյանքը՝ սալոնային տիկնոջից մինչև հոգևոր դաստիարակ: Նա շրջել է աշխարհի կեսը, և նրա ծանոթների թվում էին թե հոլիվուդյան աստղեր, թե հնդիկ փիլիսոփաներ և խորհրդային կուսակցական գործիչներ:
Նա գիտեր 12 լեզու և իր հայրենիքն էր համարում 3 երկրներ՝ Ռուսաստանը, ուր ծնվել էր, Հնդկաստանը, ուր վերստին էր ծնվել և ուր բացահայտվել էր նրա հոգին, և Արգենտինան՝ Ինդրա Դևիի հոգու սիրելի երկիրը:
Ինդրա Դևին ապրել է 103 տարի:
Իր «Յոգան ձեզ համար» գրքում Ինդրա Դևին նկարագրում է սնվելու իր սկզբունքները, որոնց հետևում էր ինքը ու խորհուրդ տալիս իր աշակերտներին:
Առատության մեջ՝ սովի մասին…
Մենք բոլորս գիտենք, որ օդի ու ջրի հետ միասին՝ սնունդն անհրաժեշտ է մարմինն առողջ, երիտասարդ ու ուժեղ պահելու համար: Մի՞թե պարադոքսալ չէ, որ ԱՄՆ-ը՝ աշխարհի ամենահարուստ երկիրը, տառապում է ոչ ճիշտ սննդից՝ քաղցելով առատության մեջ:
Առաջատար գիտնականներն ու սննդաբանները համարում են, որ դրա հիմնական պատճառը չափազանց շատ ուտելն է: Մեր օրգանիզմ ընկնում է ոչ միայն այն սնունդը, որը նրա կողմից կարող է բաժանվել բաղկացուցիչ մասերի ու յուրացվել: Եթե սնունդն այս պայմաններին չի բավարարում, այն վերածվում է թույնի: Մեր ազգաբնակչության կողմից օգտագործվող սնունդը չափից ավելի ոչ կենսունակ է ու ոչ բնական: Արդյունքում՝ մեր առողջության ընդհանուր պատկերն ավելի ու ավելի տխուր տեսք ունի:
Մեր անգործության ու չիմացության մասին:
Մենք հաճախ ենք լսում, որ, ենթադրենք, մեր ընկերներից մեկը հանկարծ հիվանդացել է շաքարախտով, ասթմայով, թրոմբոֆլեբիտով, կամ ինչ-որ մեկի մոտ քաղցկեղ են հայտնաբերել, պոլիոմելիտ, արթրիտ և այլն: Հաճախ կարող ենք թերթերում կարդալ, որ ուժերի ծաղկման շրջանում ինչ-որ մեկն ընկել է հոգեբուժարան կամ հանկարծ մահացել է ինֆարկտից:
Ընդ որում, նրանք բավականին առողջ մարդիկ են համարվել: Մենք հազվադեպ ենք մտածում այն մասին, որ մեզ հետ կատարվողը պատահականություն չէ, այլ ոչ ճիշտ սնվելու պատճառով օրգանիզմը թույներով լցնելու ու սխալ կենսակերպ վարելու բնական ու անխուսափելի արդյունք: Նման նորությունները սովորաբար վախեցնում են մեզ, սակայն ինչ քայլեր ենք մենք ձեռք առնում:
Ոչ առողջ սնվելու հետևանքները միանգամից որպես հիվանդություն չեն զգացվում: Հավանաբար այդ պատճառով էլ մենք հազվադեպ ենք մեր զարգացող հիվանդությունը կապում սննդի հետ:
Արդյոք շա՞տ են այն կրթված մարդիկ, ովքեր հասկանում են, որ մրսածությունը, տաքությունը, ասթման, արթրիտը, պոլիոմելիտը, սրտային հիվանդություններն ու հոգեկան խանգարումները կարող են հարուցված լինել օրգանիզմը թույներով ախտահարելու արդյունքում: Կարծում եմ՝ շատ քչերը: Ավելի քիչ են այն մարդիկ, ով իրեն կսահամանափակեր սնվելիս կամ կօգտվեր մաքրող դիետայից, պաս կպահեր կամ կկիրառեր խորը շնչելու համակարգը՝ սեփական օրգանիզմը առողջացնելու համար:
Աննորմալների մասին:
Խնդրում եմ՝ չվերածվեք այնպիսի մեկի, ով խոսում է միայն կերակուրի, իր մարսողության, օրգանիզմից շլակները դուրս բերելու և նման բաների մասին:
Իր սննդակարգի մասին:
Մեր տանը երբեք չեք տեսնի որևէ պահածոյացված, ռաֆինացված կամ վերամշակված որևէ բան: Ամբողջական ցորենահատիկից պատրաստված ալյուրը փոխարինում է սովորական ալյուրին, չմշակված շագանակագույն բրինձը՝ մշակված սպիտակին, մեղրը՝ սպիտակ շաքարին: Կակաոն և շոկոլադը նույնպես բացակայում են: Անձամբ ես անտարբեր եմ աղանդերի նկատմամբ: Սովորաբար սրճային ըմպելիքները խմում եմ հում այծի կաթով կամ սոյայի կաթով, օգտագործում եմ խոտաբույսերով թեյ, թարմ մրգեր ու բանջարեղեն, շատ թարմ սովորական ջուր՝ կիտրոնով կամ առանց կիտրոնի:
Կիտրոնն օգտագործում ենք քացախի փոխարեն: Ուտում ենք սեզոնային բանջարեղենի բոլոր տեսակները՝ թարմ կամ չոր խոտաբույսերի, սոխի ու սխտորի համադրությամբ:
Սնվելու 30 կանոնները…
- Երբեք սառույցով ջուր չխմել, հատկապես ուտելիս, քանի որ այն խաթարում է ստամոքսահյութի բնական ցիրկուլյացիան ու խանգարում է մարսողությանը: Սառույցով ջուր խմելու սովորությունն առողջ մարսողության դեմ գործած մեղք է:
- Թարմ, մաքուր, սենյակային ջերմաստիճանի ջուր պետք է խմել առավոտյան քաղցած փորին ու երեկոյան քնելուց առաջ: Կարելի է մի քիչ կիտրոն ավելացնել: Տաք ջուրը կամ խոտաբույսերով կամ մեղրով թեյը լավ զովացնում է ամառվա տապին:
- Օրական 5-8 բաժակ ջուր խմել:
Ինչպես և օդը, ջուրը նույնպես մեզ համար կենսականորեն անհրաժեշտ է: Մեր ֆիզիկական մարմնի ութ տասներորդ մասը ջրից է բաղկացած: Օրական մենք դուրս ենք բերում շուրջ 2.5լիտր ջուր: Ջրի պակասը հաճախ հանդիսանում է փորկապության ու ուղիղ և հաստ աղիների խցանման, լյարդի ու երիկամների ֆունկցիայի խանգարման, ինչպես նաև՝ աղիների անանցանելիության պատճառ:Ուտելիս ջուր չխմել, այլ ուտելուց կես ժամ առաջ կամ 2-3 ժամ հետո, որպեսզի չխաթարվի մարսողության պրոցեսը՝ նոսրացնելով ստամոքսահյութը:
- Ջուրը խմել փոքր կումերով, այլ ոչ թե միանգամից:
- Որպեսզի ջրի եռման ժամանակ նրա կորսված էլեմենտներն աշխուժացնենք, պետք է ջուրը մի տարայից մյուսը լցնել մի քանի անգամ: Այդպիսի ջուրը թեթև, առույգացնող ու խթանող էֆեկտ է տալիս, որը բացակայում է, այսպես կոչված, անկենդան ջրի մեջ:
- Ավելի օգտակար է մրգեր ուտելը, քան մրգային հյութեր խմելը:
- Գազարից, բողկից, բազուկից ու այլ բանջարեղենից թարմ քամած հյութեր պատրաստելիս ավելացրեք մի քիչ կանաչ բազուկի ճավ:
- Ալկոհոլ, թեյ, սուրճ, կակաո և շոկոլադ խորհուրդ չեն տրվում, քանի որ կոֆեինն ու թեոբրոմինը խթանիչներ կամ դոպինգներ են հանդիսանում:
- Կաթը սնունդ է, այլ ոչ թե հեղուկ: Այն պետք է խմել փոքր կումերով, այլապես կարելի է ստամոքսի խանգարում ստանալ:
- Մեր մարմինը ոչ թե մեր օգտագործած սնունդն է սնում, այլ միայն այն սնունդը, որն օրգանիզմը կարող է յուրացնել:
- Հանգամանորեն ընտրեք այն սնունդը, որն ամենահարմարն է ձեզ, ոչ պակաս հանգամանորեն, քան ընտրում եք հագուստը, գլխարկը կամ փողկապը: Նախ պետք է փորձարկել, փորձել զանազան սնունդ ու տարբեր համադրություններ, որպեսզի ընտրես այն սննդակարգը, որն ամենահարմարն է քո օրգանիզմին:
- Խուսափեք կենսունակությունը կորցրած բոլոր մթերքներից՝ պահածոյացված սննդից, մաքրած, մշակած բրնձից, սպիտակ ալյուրից, ռաֆինացված շաքարից: Օգտագործեք շագանակագույն անմշակ բրինձ, ամբողջական ցորենահատիկից ալյուր, շագանակագույն շաքար կամ մեղր: Մի չարաշահեք կոնֆետները, խմորեղենը, ինչպես նաև քացախը:
- Հանգամանորեն ծամեք սնունդը, հատկապես օսլայով հարուստը, այնպես, որ այն բավականաչափ փափկի թքով, այլապես թքի ներգործությամբ գլյուկոզայի չվերափոխվելով՝ օսլան կնստի ստամոքսում ու այնտեղ կքայքայվի մի քանի ժամ:
- Տոստերի նման բոված կամ արդեն հնացած հացը թարմից օգտակար է: Սակայն հաց մի կերեք ու վրայից ջուր խմեք: Թող ինչպես հարկն է՝ ատամներն աշխատեն: Նախ խմեք հեղուկը, ապա կերեք հացը: Այդ դեպքում թուքը օսլան կվերափոխի գլյուկոզայի:
- Միանգամից օսլայի մի չափաբաժնից ավելին մի ընդունեք: Օրինակ, եթե դուք մի բաժին բրինձ եք կերել, հրաժարվեք հացից, կարտոֆիլից, մակարոնից, պուդինգից, և այլն:
- Եթե ձեզ ուժեղ պերիստալտիկան է անհանգստացնում, խորհուրդ է տրվում այնպես կազմել սննդակարգը, որպեսզի օսլան ու պրոտեինը միասին չգործածվեն, հատկապես ծծումբ պարունակող մթերքներով, ինչպիսիք են ոլոռը, կաղամբը, ծաղկակաղամբը, ձուն, և այլն:
- Մի թափեք այն ջուրը, որի մեջ բանջարեղեն է եփվել: Այն կարելի է խմել կամ օգտագործել ապուրներ, թանձրուկներ պատրաստելիս: Կարտոֆիլի եփուկը նույնպես օգտակար է:
- Դեն մի նետեք գազարի, բազուկի, բողկի կանաչ տերևները: Դրանք կապեք, փունջ արեք ու դրեք ապուրի մեջ: Ապուրը պատրաստ լինելուց հետո փունջը հանեք ու դեն նետեք:
- Բանջարեղենը պետք է եփել քիչ ջրով ու ցածր կրակով, իսկ ավելի լավ է՝ լրիվ առանց ջրի, գոլորշու վրա եփելու համար հարմար տարաների մեջ:
- Խուսափեք տապակած և ճարպոտ սննդից, քանի որ այն յուրացվում է ավելի դանդաղ, քան պարզապես ճարպը: Ճարպը ստամոքսը վերջինն է լքում, իսկ ածխաջրածինները՝ առաջինը, ապա՝ պրոտեինները:
- Բոլոր կենդանական ճարպերը, այնպիսին, ինչպիսին խոզի ճարպն է, մարգարինը, կարագն ու կաթնամթերքը, բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու կարող են դասվել մեր օրգանիզմի համար ոչ օգտակար ճարպերի թվին:
- Ամենաշատը խոլեստերին կա ուղեղի, ձվի դեղնուցի ու լյարդի մեջ, իսկ ամենաքիչը՝ կաթի, կաթնաշոռի ու ձկան մեջ:
- Կենդանական ճարպերով հարուստ ցանկացած սնունդ վնասակար է: Ճարպի մեծ ու պրոտեինի փոքր քանակը խոչընդոտում են ֆերմենտների գործողությանը:
- Հիշեք, որ սննդի ու առողջության հարցերում կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն՝ օգտագործած կալորիաների ու ճարպի քանակը, այլև՝ այդ ճարպի բաղադրությունը: Օրինակ, բեկոնի՝ ծխեցրած խոզի կրծքամսի բաղադրության մեջ չի մտնում ոչինչ, բացի կալորիաներից, ոչ վիտամիններ, ոչ հանքային աղեր:
- Տաքացնելով ցանկացած, ներառյալ՝ բուսական ծագման ճարպերով հարուստ սնունդը մի քանի անգամ՝ մենք այն ամեն անգամ ավելի վնասակար ու ուտելու համար ոչ պիտանի ենք դարձնում: Նույն էֆեկտը մենք ստանում ենք թավայի մեջ մնացած յուղը 2-րդ անգամ օգտագործելիս:
- Կարևորագույն կանոնը, սակայն, ոչ մի կապ չունի սննդի ոչ քանակի, ոչ որակի, և ոչ էլ նրա պատրաստման եղանակի հետ: Ամենագլխավորն ուտելու ընթացքում ձեր վերաբերմունքն է այդ կերակուրի նկատմամբ:
- Հագենալու պրոցեսն անշտապ պետք է լինի: Շատ կարևոր է, որ այն հաճույք պատճառի ու անցնի ընկերական շրջապատում ու հաճելի միջավայրում:
- Սթրեսի, նյարդային վիճակում կամ վատ տրամադրության ժամանակ կերած սնունդն օրգանիզմում տոքսիկ փոփոխությունների պատճառ է դառնում: Այդ պատճառով էլ այդ վիճակում ավելի լավ է ընդհանրապես սեղանի շուրջ չնստել, այլ սպասել մինչև տրամադրության նորմալանալը:
- Աշխատեք խուսափել ուտելու ընթացքում տհաճ խոսակցություններ վարելուց: Գեղեցիկ մատուցված սնունդն ուտելու ընթացքն առավել հաճելի է դարձնում, ինչպես և ժպիտը, ուրախ զրույցը, գեղեցիկ ծաղիկը և նկարը: Օրհնեք ձեր կերակուրը, և թող այն ձեզ ուրախություն բերի: Տհաճ նորությունները երբեք չի կարելի հայտնել ուտելու ընթացքում կամ անմիջապես ուտելուց առաջ: Դա կարող է վնաս հասցնել ոչ միայն մարսողությանը, այլև ամբողջ օրգանիզմին:
Հարցազրույցներից մեկում այն ժամանակ 93-ամյա Ինդրա Դևին իր սննդակարգի մասին պատմում էր՝
Արդեն շատ տարիներ ես բուսակեր եմ, ուտում եմ օրական՝ մեկ, երբեմն՝ 2 անգամ: Արթնանալուց հետո խմում եմ ողջ գիշերը մնացած 200 մլ կիտրոնաջուր:
Նախաճաշին խմում եմ մեկ բաժակ սոյայի կաթ կամ սուրճ հացաբույսերից:
Ուտում եմ մի քիչ նուշ և չամիչ: Թուրինջն ու նարինջը ուտում եմ երբեմն մի քիչ կեղևով:
Շատ ջուր եմ խմում, ուտում եմ թարմ սեզոնային մրգեր ու խմում բանջարեղենային հյութեր, քնելուց առաջ՝ մի բաժակ ջուր:
Երբեմն ճաշում եմ՝ բանջարեղենային ապուր կամ կանաչ սալաթ, կամ մեկ եփած, կամ հում բանջարեղեն, կամ էլ մի բաժին հետևյալ կերակրատեսակներից մեկից՝ շագանակագույն բրինձ, կեղևով ջեռոցը դրած կարտոֆիլ՝ ձեթով կամ սոյայի սոուսով: Երբեմն դա կարող է լինել հացաբույսերից սուրճ մեղրով, պանիրով կամ ձվի դեղնուցով լոլիկ, կամ էլ մեղրով մածուն՝ ցորենի ածիկներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը