Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է երկնավոր տիրոջը պահել ու պահպանել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կաթողիկոսը նաև ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։
Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։
Նա հայցել է բարձրյալ տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները։
Հիշեցնենք` Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա չվերթ իրականացնող օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր, այդ թվում՝ երկու անչափահաս և Պալանայի ղեկավարը։
Ավիաաղետի երեք վարկած է դիտարկվում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուական սխալ։
Տարածաշրջանում եռօրյա սուգ է հայտարարվել։