Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի բնակիչը, որը հոկտեմբերի 29-ին հարձակվել էր հայ ցուցարարների վրա, կարող է երկու տարվա ազատազրկման դատապարտվել։ Տեղեկությունը հայտնում է տեղական The Fresno Bee պարբերականը:
Ցուցարարներն առավոտյան դուրս էին եկել քաղաքի կենտրոնական մայրուղի` խաղաղ հանրահավաքի։ Հանրահավաքի պատճառով ճանապարհները խցանվել էին։ Այդ ընթացքում վարորդներից մեկը ՝ 41-ամյա լատինամերիկացի Հայմե Ֆոնսեկան, դուրս էր եկել իր մեքենայից և վիճաբանության մեջ մտել ցուցարարների հետ, որից հետո հանել էր դանակը և վնասվածքներ հասցրել նրանցից մի քանիսին:
Տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել (նրա բացվածքին 20 կար են դրել)։ Մյուսը կտրվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, երրորդի մատն է վնասվել։
Ֆոնսեկիի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն այդ քայլով դիմել է ինքնապաշտպանության, սակայն դատարանը վճռել է, որ նա զենք է օգտագործել խաղաղ մարդկանց դեմ: Ֆոնսեկան ընդունել է իր մեղքը, որն էլ օգնել է գործին (պատժի ժամկետ է սահմանվել երկու տարին)։
Նշենք, որ Արցախյան պատերազմի օրերին հայկական սփյուռքը նյութական լայն աջակցություն է ցուցաբերել, ինչպես նաև ցույցեր է կազմակերպել աշխարհի տարբեր քաղաքներում: