Ով է Մեղրիի համայնքապետի նորանշանակ ԺՊ-ն. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ով է Մեղրիի համայնքապետի նորանշանակ ԺՊ-ն. hraparak.am

Հուլիսի 9-ին մենք գրել էինք, որ Մեղրիի համայնքապետ է նշանակվելու ՔՊ անդամ, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը։ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի որոշմամբ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց մեր նշած անձը՝ Արարատ Թումանյանը։

Նա 46 տարեկան է, ավարտել է «Հրաչյա Աճառյան» համալսարանը, մասնագիտությամբ իրավագետ է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է։

Սյունիքի մեր աղբյուրների տեղեկացմամբ, Արարատ Թումանյանն ազգակցական կապ ունի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ, թեև նա այժմ ապրում է Ագարակ քաղաքում, բայց ծնունդով Կապանից է։

Մենք կապվեցինք Նարեկ Բաբայանի հետ՝ հարցրեցինք, թե ի՞նչ ազգակցական կապ ունի Թումանյանի հետ․

«Ես, ցավոք սրտի, Մեղրիում ազգակցական կապեր չունեմ, և ուզում եմ բացառել ազգակցական կապը»,- ասաց Բաբայանը, իսկ մեր դիտարկմանը, որ Թումանյանը ծնունդով Կապանից է, Բաբայանը պատասխանեց՝ «Ես պարոն Թումանյանին ճանաչել եմ 2018 թվականից հետո, մինչ այդ իրեն բացարաձակ չեմ ճանաչել»։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ Արարատ Թումանյանը զբաղվում է Իրանից վառելիքի ներկրմամբ, նա գրանցված է որպես անհատ ձեռներեց և դիզվառելիք է ներկրում Հայաստան։ Մեզ պատմեցին, որ նույնիսկ տարիներ առաջ մաքսատանը քաշքշուկների մեջ է ընկել, ներկրված վառելիքը ձեռքից վերցրել են։ Հիմա անարգել կբերի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի կողմից հովանավորվում է եւ իշխող կուսակցության անդամ է։

hraparak.am