Դեսպանները փակ «չաթում» անկեղծացել են. ինչո՞ւ է հետ կանչվել Ձյունիկ Աղաջանյանը. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Դեսպանները փակ «չաթում» անկեղծացել են. ինչո՞ւ է հետ կանչվել Ձյունիկ Աղաջանյանը. «Հրապարակ»

Ձյունիկ Աղաջանյանին Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու պատճառը եղել է այն, որ նա անկեղծացել է դեսպանների «չաթում»: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղաջանյանը դեսպանի պաշտոնից հետ կանչվեց հուլիսի 16-ին: Այս հետկանչը ոմանց զարմանք պատճառեց, քանի որ Աղաջանյանը 1992 թվականից արտաքին գործերի համակարգում է, փորձառու և հմուտ դիվանագետ է համարվում, տարբեր երկրներում է աշխատել, 2011-2018 թվականներին եղել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը, իսկ 18-ից ասիական երկրներ է գործուղվել։

Թերթը տեղեկացել է, որ նրա հետկանչը տառացիորեն մի քանի օրվա մեջ է որոշվել։

«Բանն այն է, որ ՀՀ դեսպանները փակ չաթ ունեն, որտեղ շփվում են միմյանց հետ։ Այս չաթում պատերազմից հետո բուռն քննարկումներ են ընթացել, և Ձյունիկ Աղաջանյանը մեղադրել է գործընկերներին՝ տղամարդ դեսպաններին՝ լռելու, հայրենիքին դավաճանելու, իրենց ընդվզումը չհայտնելու համար։ Անցել է տևական ժամանակ, և, մեզ հասած տեղեկություններով, ինչ-որ մեկն ուշացումով մատնել է Աղաջանյանին՝ ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրելով դեսպանի պահվածքի վրա և տրամադրելով չաթում ծավալված խոսակցությունը։ Դրան հաջորդել է ԱԳՆ կադրերի բաժնի մի շարքային աշխատակցի զանգն Աղաջանյանին, թե պատրաստվեք ռոտացիայի, և տառացիորեն 2 օրվա ընթացքում դեսպանը հետ է կանչվել»,– գրում է «Հրապարակը»։

Ըստ պարբերականի` չնայած ԱԳՆ-ում կադրերի նշանակման, նաև դեսպանների, մեծ սղություն կա, և գործող իշխանությունը չի կարողանում այդ բացը լրացնել, բայց այլախոհ դեսպանին մի օր անգամ թույլ չեն տվել մնալ, որ արարողություններ անի և դեսպանընկալ երկրի պաշտոնական շրջանակներին հրաժեշտ տա։