«Հենց ինքն էր տաքսիստ գնդակահարելու հրաման տվողը։ Գնդակահարել նրան, որը կկիսեր հային ղարաբաղցու ու հայաստանցու». Դավիթ Գրիգորյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հենց ինքն էր տաքսիստ գնդակահարելու հրաման տվողը։ Գնդակահարել նրան, որը կկիսեր հային ղարաբաղցու ու հայաստանցու». Դավիթ Գրիգորյան

ՉԷ, ուղղակի մենք ենք այդպիսին

Քրիստափոր Իվանյանը, որը ԽՍՀՄ գեներալ-մայոր էր ու մինչև 1978 թվականն Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, (հրետանավոր) 1992-ին եկավ Հայաստան։ Գալիս է ու գնում Վազգենի մոտ՝ ՊՆ։ 10-15 րոպե խնդրում են ընդունարանում սպասել, մինչև Վազգենը կընդունի։ Իվանյանի նյարդերը տեղի են տալիս ու, փորձառու զինվորականը դուռը բացում ու ներս է մտնում` առանց հարցնելու։

– Ինձ հայրենիք ուղարկի։ Ես Երևանում մնացողը չեմ։

1992-ին, արդեն 72-ամյա Իվանյանին նշանակում են Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու, ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քննչական կոմիտեի նախագահ։

Սիրված/չսիրված Սամվել Բաբայանը, որն անգամ ռազմական կրթություն չուներ, բայց որոշ հետագա նախագահներին հայհոյանքով էր դիմում, լուռ ու խոհեմ հետևում էր Իվանյանի բոլոր խորհուրդներին։ Իվանյանը դարակազմիկ սալդաֆոն էր (ասում էին ոմանք)։ Սալդաֆոն էին անվանում նրանց, որոնք ապրում էին կանոններով, հստակ, կարգված, գծված։ Իրական զինվորական, փառահեղ սպա։

Իվանյանը Ռուսաստանից Հայաստան էր եկել գնացքով, ջինսով ու կեպիով։ Տաքսի է բռնում, որի հայ վարորդը ճանապարհին ականջին բարբաջում է․

– Հենա հայերով կպել ենք, էլ ի՞նչ ղարաբաղցի-ղարաբաղցի։ Դրանք մեր ինչի՞ն են պետք, է՜, որ կռվենք։ Թուրք են էլի, ինչ հայ։

(Ուրեմն այսպես) Երբ Վազգենը Իվանյանին հարցնում է․

– Պարոն գեներալ, մինչև կգնաս Ստեփանակերտ, մերոնց օգնելու, հլը ասա` էստեղ ինչ անենք, որ ավելի լավ լինի։

Ասում է․

– Անցագրայինի մոտ մի տաքսիստ կա կանգնած, դրան գնդակահարե՛լ է պետք։ Իսկ գնդակահարելու համար պարետատուն է պետք։ Կամենդատուրա սարքեք, որ դրա նմանները էշ-էշ չխոսեն։

Այսպիսին ենք մենք։ Խառը․ լավ ու վատ, ճիշտ ու սխալ, օգնող ու փախչող, ապրող ու գոյատևող, պայքարող ու քծնող, սուրբ ու լիրբ, ազգային ու օտար, անկաշառ ու վաճառվող, մենք 50 ու 50 ենք․․․ միշտ։

Գեներալ-լեյտենանտ Իվանյանը հրաժարվեց ստորագրել իրեն պարտադրված փաստաթուղթը, որտեղ պիտի հաստատեր, որ Բրեժնևը ԽՍՀՄ Հայրենականի ժամանակ իր մոտ է ծառայել։ Այդ վավերացումը նրան կդարձներ գեներալ-լեյտենանտ, ապա գնդապետ, հետո մարշալ։ Այնքան ազնիվ էր, որ չի ստորագրում ու զորացրվում է որպես մարդ։

Հենց ինքն էր տաքսիստ գնդակահարելու հրաման տվողը։ Գնդակահարել նրան, որը կկիսեր հային ղարաբաղցու ու հայաստանցու։

Հետգրություն․

Յուրքանչյուրը, որը հային կզատի, հայ չի։ Արցախը հայկական է։ Արցախցին՝ հայի պայքարող տեսակ, որովհետև Արցախյան առաջին հաղթական պատերազմում մենք ունեցել ենք 6000 զոհ․ 3000 հայաստանաբնակ հայեր, 3000 արցախաբնակ հայեր։

Եվ սա այն դեպքում, երբ Արցախում ապրում էր 150․000 հայ, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։

ՀԳԳ

Թշնամիս է մեկը, որ Արցախցու հասցեին մի թթու բան կասի։

Դավիթ Գրիգորյանի էջից