«Բայրաքթարների» հարցը մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում. կոնգրեսականները հետաքննություն են պահանջում
Advertisement 1000 x 90

«Բայրաքթարների» հարցը մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում. կոնգրեսականները հետաքննություն են պահանջում

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ և Վաշինգտոնում գործող մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ՝ ի դեմս հայկական, հունական, քրդական, հրեական, հնդկական համայնքների, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և իրավապաշտպան այլ կազմակերպությունների, ԱՄՆ կառավարությունից պահանջում են դադարեցնել ամերիկյան այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) արտադրության մեջ, և առհասարակ հետաքննել Թուրքիայի անօդաչուների ծրագրի ապակայունացնող դերակատարումը տարածաշրջանում:

Հայ և հույն ակտիվիստների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ մահաբեր «Բայրաքթարների» արտադրության մեջ օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային ի վերջո կդադարեցվի:

Խոսքը, հիշեցնենք, թուրքական այն հարվածային անօդաչուների մասին է, որոնք լայնորեն կիրառվել են 2020 թ. Արցախի դեմ պատերազմում՝ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ պատճառելով հայկական զինված ուժերին և խաղաղ բնակչությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեղեկացրեց, որ թուրքական դրոնների ծրագրի դեմ Նահանգներում պայքարում են ինչպես հայկական, այնպես էլ հունական, քրդական, հնդկական, հրեական խմբերը, Մերձավոր Արևելքի Ֆորումը (Middle East Forum), «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) կազմակերպությունը, քրիստոնեական և իրավապաշտպան այլ կազմակերպություններ, այլ խոսքով՝ բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են Թուրքիան շրջապատող ռեգիոններում՝ Արևելյան Միջերկրականում, Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում անվտանգության և կայունության հաստատմամբ:

«Սենատոր Մենենդեսը բարձրացրել է այս հարցը Կոնգրեսի լսումների ժամանակ: Առայժմ պատասխան չի ստացել, բայց ամեն դեպքում հարցը բարձրացվել է, որից հետո Պետքարտուղարություն ուղարկվեց Կոնգրեսի 28 անդամների կողմից ստորագրված նամակը, որով կոնգրեսականները կոչ էին անում վարչակազմին հետաքննել թուրքական անօդաչուների ծրագիրը: Եվ սա գնալով մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում»,- ասաց Արամ Համբարյանը:

Շարունակելով թեման՝ Վաշինգտոնում հունական լոբբիի ղեկավար, Առաջնորդության հույն-ամերիկյան խորհրդի (HALC) գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդեսը «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ թուրքական անօդաչուների արտադրությունը պետք է դադարեցվի, քանի որ դրանք օգտագործվում են ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով՝ ապակայունացնող դեր խաղալով մի շարք կոնֆլիկտային գոտիներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Էնդի Զեմենիդեսը անթույլատրելի է համարում թուրքական մարդասպան անօդաչուների արտադրությունն ու տարածումը ոչ միայն զուտ այն պատճառով, որ դրանք ապակայունացնող և քայքայիչ ազդեցություն են ունենում տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա, այլև այն պատճառով, որ դրանց միջոցով Թուրքիան ավելի է հեշտացրել այս կամ այն ռեգիոնում պատերազմ հրահրելը՝ վտանգելով ոչ թե իր զինվորների, այլ այլոց կյանքը:

«Սովորաբար, երբ որևէ երկիր որոշում է պատերազմի գնալ, նախ և առաջ հաշվարկում է, թե ինչքան արյուն և փող է կորցնելու այդ պատերազմում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, անօդաչուներ և սիրիացի վարձկաններ ուղարկելով Արցախյան հակամարտության գոտի, վտանգում էր այլոց, ոչ թե իր զինվորների կյանքը: Եվ երբ ամբողջ աշխարհը դիվանագիտական լուծում էր փնտրում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը կամ Արցախի հարցին՝ Թուրքիան պատերազմ էր հրահրում այնտեղ՝ թքած ունենալով, որ դրա հետևանքով մարդիկ են զոհվում: Երբ քո զինվորների կյանքի համար անհանգստանալու կարիք չկա,  այլոց մահը քեզ չի հետաքրքրում: Եվ սա, իմ կարծիքով, թուրքական անօդաչուների հետ կապված ամենամեծ խնդիրներից մեկն է»,- «Արմենպրես»-ին ասաց Էնդի Զեմենիդեսը:

Հույն գործիչն ընդգծեց, որ թուրքական անօդաչուները օգտագործվում են ոչ թե կայունացման և հիմնախնդրի դիվանագիտական լուծման հասնելու նպատակով, այլ ընդհակառակը՝ ապակայունացնող դեր են խաղում՝ ավելի սրելով իրավիճակը և բորբոքելով պատերազմի կրակը: Եվ շատ լավ իմանալով Էրդողանի ներքին քաղաքականության հիմնական էությունն ու բնույթը, որն է՝ կոնֆլիկտներ հրահրել այլ երկրների հետ՝ շեղելով մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից, ակնհայտ է, որ Թուրքիան պարբերաբար կիրառելու է այս մեթոդը:

«Որևէ մեկի հետ խնդիր ունենալու պարագայում կասեն` շատ լավ, եկեք դրոններ ուղարկենք և մարդ սպանենք: Սա պատերազմներ վարելու անարյուն ձև է: Դժբախտաբար, ժամանակակից պատերազմները գնալով նմանվում են համակարգչային խաղերին: Նույնիսկ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, բանավեճ կա այդ հարցի շուրջ, որ քանի որ մարտական գործողություններում մարդկանց աստիճանաբար փոխարինում են ռոբոտները, և գնալով նվազում է պատերազմներում մարդկային կորուստների ռիսկը, այդ պատճառով շատերին այլևս չի հետաքրքրում այս կամ այն երկիր զինվորականներ կամ ռազմական ներուժ ուղարկելու հանգամանքը: Ինչևէ, մտածեք Թուրքիայի մասին այդ համատեքստում. նրանք կարող են զինվորների փոխարեն ուղարկել անօդաչուներ և առանց գեթ մեկ մարդկային կյանք զոհելու՝ ռազմական գործողություններ իրականացնել: Ուստի կարծում եմ՝ դա ավելի հավանական է դարձնում պատերազմը: Սա է վտանգը: Եվ դրանք ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական բնույթի զինատեսակներ են: Թուրքիան կիրառել է դրանք Արցախում, Լիբիայում, Սիրիայում և այլուր», – ասաց Վաշինգտոնի հունա-ամերիկյան կազմակերպության ղեկավարը՝ ընդգծելով, որ Թուրքիայի այդ ապակայունացնող վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դառնում Վաշինգտոնում:

Եվ եթե մինչ այդ ամերիկյան քաղաքական վերնախավը հաճախ ստորադասում էր արժեքները քաղաքական այն շահերին, որոնց Թուրքիան ծառայում էր, ապա Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը, Էնդի Զեմենիդեսի խոսքով, ցույց տվեց, որ Թուրքիան այլևս չի ծառայում այդ շահերին:

«Այժմ մենք ոչ միայն չենք կիսում ֆունդամենտալ արժեքները Թուրքիայի հետ, այլև բախման մեջ ենք ֆունդամենտալ շահերի ոլորտում: Եվ նույնը կարելի է ասել անօդաչուների պարագայում: Մինչ Միացյալ Նահանգները դիվանագիտական լուծումներ է փնտրում Արցախի հարցում՝ Թուրքիան անօդաչուներ է մատակարարում՝ ապակայունացնելով այնտեղ իրավիճակը: Մինչ Միացյալ Նահանգները հանում է իր զորքերը Լիբիայից՝ համաձայն այդ երկրի նոր սահմանադրության պահանջներին, Թուրքիան օտարերկրյա զորքեր է պահում այնտեղ: Մինչ Միացյալ Նահանգները կռվում է «Իսլամական պետության» դեմ՝ Թուրքիան ռմբակոծում է «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին»,- ասում է Զեմենիդեսը՝ գալով պարզ եզրահանգման՝ ապակայունացնող Թուրքիան ուղղակիորեն հակասում է կայունացման ձգտող Նահանգների շահերին:

Դրոնների խնդիրը, Էնդի Զեմենիդեսի խոսքով, տագնապի երկրորդ ազդանշանն է Վաշինգտոնի համար՝ Ս-400 համալիրների և F-35 կործանիչների հայտնի պատմությունից հետո: Հետևաբար, այդ արտոնությունը, որը Թուրքիան ուներ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերության ոլորտում, պետք է մանրամասն ուսումնասիրվի և հետաքննվի:

Օգոստոսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել էր կոնգրեսականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ Պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով ամերիկացի օրենսդիրները կոչ էին անում կառավարությանը կասեցնել Թուրքիային ամերիկյան անօդաչուների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը և պաշտոնական հետաքննություն անցկացնել Թուրքիայի ԱԹՍ-ների ծրագրի ապակայունացնող դերակատարման վերաբերյալ:



Նման նյութեր