««Դիմակը քթիցդ չիջացնես», ասում էր մամաս, պայուսակումս էլ ալկոգել էր դնում․ ես էլ անընդհատ հանում էի ու ախտահանում ձեռքերս։ Բայց արձակուրդների ընթացքում մամաս խոստացել էր, որ գնամ դպրոց՝ դիմակ էլ չեմ դնի, կորոնավիրուսին հաղթել ենք, հիմա էլ ասում է՝ չենք հաղթել, ու էլի ինձ համար դիմակ է գնում»։
9-ամյա Հռիփսիմեի բողոքն է։ Ասում է ՝ կարոտել է այն դասընկերներին, որոնց նախորդ տարի այդպես էլ չտեսավ, որովհետև նույն օրը դասի չէին հաճախում, էլ չի ուզում նրանց կարոտել։
Հռիփսիմեի նման շատ դպրոցականներ անհամբեր սպասում են սեպտեմբերի 1-ին՝ հույսով, որ այն կտարբերվի նախորդից։
Մինչ համապատասխան գերատեսչությունները կհրապարակեն իրենց որոշումը, որով կսահմանվի դպրոցականների դպրոց հաճախելու կարգը, ուսուցիչներն արդեն սկսել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Մեզ հետ զրույցում Երևանի դպրոցներից մեկի «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչ տիկին Հովհաննիսյանը պետության կողմից պատվաստվելու հորդորը, որը շատերին պարտադրանք է թվում, բնական է համարում ։
«Հիշո՞ւմ եք նախորդ տարի ինչ վիճակում էինք, երազում էինք, որ գիտնականները պատվաստանյութ գտնեն, որը կօգնի հաղթահարել կորոնավիրուսը ու մենք կվերադառնանք բնականոն կյանքին, տնից դուրս կգանք, իսկ հիմա հրաժարվում ենք պատվաստվել։ Չգիտեմ, միգուցե մարդիկ վախենում են, որ վատ հետևանքներ կլինեն։ Ինքս պատվաստվել եմ, 2 օր թույլ էի ու ջերմություն ունեի, հիմա լավ եմ»,-ասում է ուսուցիչը։
Մեկ այլ դպրոցում պատմություն դասավանդող տիկին Հակոբյանը գտնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու, իսկ հակառակ դեպքում՝ 2 շաբաթը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնելու պահանջը ուղղակի մարդու իրավունքների ոտնահարում է։
«Համենայնդեպս ինձ համար դա անթույլատրելի է։ Ուսուցչի՝ մեղմ ասած համեստ աշխատավարձով մեկ ամսում 2 անգամ պատվաստվել, նշանակում է 30-40 հազար դրամ գումար վատնել ոչնչի վրա»,-ասում է ուսուցիչն ու հավելում՝ չպատվաստվելու տարբերակ չեն թողել, որը ճիշտ չէ։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ եք պատվաստվել, ուսուցիչը հարցով է պատասխանում. «Իսկ դո՞ւք»։
Մինչ ուսուցիչները վերջնական որոշում կկայացնեն՝ պատվաստվել թե ոչ, դպրոցականների ծնողները առևտրի կենտրոններում են որոշումներ կայացնում։
Եթե նախորդ տարի Sputnik Արմենիայի կողմից անցկացված սոցհարցման և տոնավաճառների գնացուցակների ուսումնասիրման արդյունքում պարզ էր դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն մեկ երեխա դպրոց ուղարկելու համար կնվազի միջինը 70000 դրամով, ապա այս տարի՝ 100000-150000 դրամով։
«Տղաս այս տարի երկրորդ դասարան է փոխադրվում, աղջիկս այս տարի առաջին դասարան է, ես կարող եմ վստահեցնել, որ ամեն ինչ շատ է թանկացել։ Նախորդ տարի տղայիս դպրոց ուղարկելու համար 60000 դրամ էի ծախսել, իսկ հիմա երկուսին միասին արդեն իսկ 140000 դրամ ծախսել եմ, բայց դեռ ամեն ինչ չեմ գնել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է երիտասարդ մայրիկը։
Նրա խոսքով՝ վաճառականները չեն թաքցնում, որ նախորդ տարիներին հագուստի, կոշիկի մեծ մասը ներկրում էին Թուրքիայից, իսկ հիմա չեն կարողանում, ստիպված են այլ ճանապարհներ փնտրել, ուստի այս տարի կամ նախորդ տարվանից մնացած ապրանքն են վաճառում (բայց ավելի թանկ), կամ այլ երկրից են ներկրում։
Եթե նախորդ տարի մարզային տոնավաճառներում դպրոցական պայուսակներ կարելի էր ձեռք բերել նվազագույնը 8000 դրամով, իսկ Երևանում` նվազագույնը 10000 դրամով, ապա այս տարի մարզերում՝ միջինը 10 000 դրամով, իսկ Երևանում ՝ 13000-15000 դրամով։
Գրենական պիտույքների գները, սեզոնային գործոնով պայմանավորված, բարձրացել են։ Գրչատուփերի գինը տատանվում է 750-1500 դրամի սահմաններում, օրագիրն արժե 250-1400 դրամ, տարբեր գրիչների հավաքածուն` 550-900 դրամի սահմաններում։ Գունավոր մատիտներ կարելի է ձեռք բերել 350-1200 դրամով, քանոններ և ռետիններ` 150- 500 դրամով, մկրատ` 250-500 դրամով, գունավոր թղթեր` 250-750 դրամով, պլաստիլին` 450- 800 դրամով։ Կարճ ասած՝ 6000-10000 դրամ պետք է ունենալ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար։
Գոնե սեպտեմբերի 1–ին աշակերտներն ու նրանց ծնողները նախընտրում են սպիտակ վերնաշապիկ, սև կամ կապույտ անդրավարտիք կամ կիսաշրջազգեստ կրել ու անպայման` նոր։
Սպիտակ վերնաշապիկ Երևանի տոնավաճառներից կարելի է ձեռք բերել միջինը 8000-12000 (նախորդ տարի՝ 5000-8000) դրամով, վերնաշապիկին փոխարինող սպիտակ վերնահագուստը՝ նվազագույն 5000 (նախորդ տարի՝ 3500) դրամով: Տաբատներն արժեն 11000-17000 (նախորդ տարի՝ 9000-15000) դրամ, իսկ կիսաշրջազգեստները՝ միջինը 7000-12000 (նախորդ տարի՝ 5000- 10000) դրամ: Տղաների կոշիկները կարելի է գնել միջինը 10000-15000 (նախորդ տարի՝ 7500-10000) դրամով, իսկ աղջիկներինը՝ 10000-16000 (նախորդ տարի՝ 8000-15000) դրամով: Աղջիկների գուլպաները և ներքնազգեստը միասին ծնողի վրա միջինը կնստեն 10000 դրամ:
Դե էլ ինչ սեպտեմբերի 1 առանց տոնական ծաղկեփնջի, որը միջինում կարժենա 7500 դրամ, բայց այն ոչ միայն կգեղեցկացնի ձեր երեխայի, այլև այն ուսուցչի օրը, որը տարվա մեջ եզակի օրեր է իրեն գնահատված զգում։