Ո՞վ է ՔՊ-ի ամենաերիտասարդ պատգամավորը և ինչո՞վ է նա «աչքի ընկել» այս ընթացքում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ո՞վ է ՔՊ-ի ամենաերիտասարդ պատգամավորը և ինչո՞վ է նա «աչքի ընկել» այս ընթացքում. hraparak.am

Նորընտիր Ազգային ժողովը ևս, նախորիդ նման, հարուստ է երիտասարդ, միաժամանակ նաև անփորձ պատգամավորներով: Եվ դա դարձյալ շնորհիվ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: Նոր Ազգային ժողովի ամենաերիատսարդ պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է՝ Մարիամ Պողոսյանը, որն ընդամենը 26 տարեկան է՝ ծնվել է 1995թ. մարտի 25-ին:

Մյուս ամենաերիտասարդ պատգամավորը «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական անդամ Աննա Մկրտչյանն է, որն ընդամենը մի քանի ամսով է մեծ Մարիամ Պողոսյանից: Բայց եթե Աննա Մկրտչյանը առաջին իսկ օրվանից անմիջապես աչքի է ընկել իր ակտիվությամբ նիստերին՝ պարբերաբար սուր հարցեր հնչեցնելով և սուր ելույթներ ունենալով իշխանությունների հասցեին ու դրանց պատճառով հաճախակի հայտնվելով սկանդալային իրավիճակներում, ապա Մարիամ Պողոսյանը դեռևս որևէ ակտիվություն մինչ այս պահը չի ցուցաբերել, որևէ ձևով ԱԺ-ում իր գոյության մասին՝ որպես պատգամավոր, չի հիշեցրել:

Նա մինչ օրս ո՛չ ելույթ է ունեցել, ո՛չ հարց է հնչեցրել, ընդամենը լուռ հետևել է, թե ինչպես են ընդդիմությունն ու իշխանությունը իրար մեղադրում, իրար հայհոյում, և ինչպես են իր կուսակիցները հարձակվում ընդդիմադիրների վրա և ծեծկռտուք հրահրում: Հուսով ենք՝ գոնե տհաճությամբ և իր թիմակիցների վարքի հանդեպ քննադատական աչքով է հետևել այս ամենին: Միակ հուշող բանը, որով կարելի է գլխի ընկնել, որ հատկապես իր որոշ գործընկերների ֆոնին նկատելիորեն գեղեցիկ արտաքինովա ընկնող այս երիտասարդ աղջիկը պատգամավոր է, դա նրա՝ ԱԺ նիստերի դահլիճից ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «պաշտոնական» լուսանկարներն են: Մեկ-մեկ էլ մասնակցում է իր թիմակիցների ձեռնարկած ֆլեշմոբերին՝ իր էջում նրանց գրառումները տարածելով:

Իսկ ո՞վ է Մարիամ Պողոսյանը, ի՞նչ կրթություն և ինչպիսի՞ աշխատանքային փորձ ունի: Կենսագրականում նշված է, որ 2017թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը:

Եվ, ինչպես շատ այլ ՔՊ-ականների դեպքում, Մարիամի աշխատանքային փորձը նույնպես սկսվել է անմիջապես իր կուսակցության՝ իշխանության գալուց հետո, մինչ այդ նա որևէ տեղ չի աշխատել: 2017-ին ավարտել է համալսարանն ու երկու տարի որևէ տեղ չաշխատելուց հետո անմիջապես անցել է աշխատանքի Ազգային ժողովում՝ որպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործավար: 2020-2021թթ. եղել է ԱԺ պատգամավորի օգնական, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փորձագետ: Իսկ արդեն 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Կենսագրականում նշված է, որ պարգեւատրվել է ԱԺ շնորհակալագրով եւ ԱԺ աշխատակազմի լավագույն աշխատողի կրծքանշանով (2020թ.): Ամուսնացած չէ:

hraparak.am



Նման նյութեր