Կարելի՞ է արդյոք դիմակ կրել մարզվելիս։ Հարցն այսօր հետաքրքրում է շատ շատերին։ Նոր հետազոտությունը, որը ներկայացվել է Sports Health ամսագրում, ցույց է տվել, որ դիմակով վարժությունները շոգ եղանակին չեն հանգեցնում մարմնի ջերմաստիճանի զգալի բարձրացման կամ սրտի զարկերի հաճախացման վարժությունների ժամանակ։
Գիտնականները թեստավորել են դիմակների չորս տեսակ՝ վիրաբուժական, N95, գեյթեր, պարանոցը, քիթը, բերանը փակող եւ մարզական դիմակներ։ Ջերմաստիճանի եւ սրտի զարկերի հաճախացման ցուցանիշները դիմակներով վարժություններ կատարողների մոտ համեմատվել են ստուգիչ խմբի ցուցանիշների հետ, որը վարժությունները կատարում էր առանց դիմակների։ Նրանց միջեւ զգալի տարբերություններ չեն հայտնաբերվել։
Հետազոտության մասնակիցները վարգաքայլով քայլում կամ վազում էին 60 րոպե Ցելսիուսի 32 աստիճանի տակ։ Վարժությունների ինտենսիվությունը տատանվում էր ցածրից դեպի միջին։ Գիտնականները նաեւ չափել են դիմակի ներսում խոնավությունն ու ջերմաստիճանը։ Նրանք հայտնաբերել են, որ մարզական դիմակը եւ գեյթերը ամենախոնավն էին, քանի որ նյութերը ներծծում էին ավելի շատ քրտինք արտաշնչվող օդից։
Չնայած մասնակիցները տեղեկացրել են դեմքի համար մեծ անհարմարավետութան մասին դիմակով վարժություններ կատարելու ժամանակ՝ դիմակի ներսում խոնավության եւ ջերմության պատճառով, կապ չի հայտնաբերվել այդ անհարմարավետության եւ մարմնի ջերմաստիճանի ու սրտի զարկերի հաճախանալու ցուցանիշների միջեւ։