Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:
Պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական գրպանից: Բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որում կնշվի աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկություններ: Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում էլ տուժելու է գործատուն՝ տուգանքներ վճարելով:
Laki Dessert Art Studio-ի հիմնադիր տնօրեն Լիկա Մեսրոպյանը 168.am-ի հետ զրույցում նախարարության հրամանին հումորով գնահատական տվեց. «անգրագետ, վատ սցենար, որը չի խմբագրվել»:
«Ես կարծում եմ, որ պիտի մենք՝ բոլոր գործարարներով՝ փոքր բիզնեսի, միջին բիզնեսի, պիտի բարձրացնենք այս հարցը, խոսենք սրա մասին: Փոքր բիզնեսի ղեկավարները, կարծում եմ, գոնե պիտի փորձեն խոսել, ձայնը հասցնել: Չնայած՝ ո՞ւմ հասցնել, դա էլ պարզ չի: Բայց մենք ունենք այսպիսի խնդիր: Մենք ունենք աշխատողներ, ովքեր ամսական ստանում են 60.000 դրամ, կես դրույք են աշխատում, հրավիրված աշխատող են և այլն, ինչպե՞ս ես պահանջեմ, ինչպե՞ս ես ստիպեմ, որպեսզի ամեն ամիս 30.000 դրամ վճարեն թեստավորման համար: Ինչպե՞ս ես այդ մարդու հացը վերցնեմ: Հեշտ չի այսօր գտնել աշխատողներ, ովքեր նվիրված են, սիրում են իրենց աշխատանքը: Ես գտել եմ, նրանց սիրում եմ իմ ընտանիքի անդամների պես: Ինչպե՞ս ես մոտենամ և ասեմ՝ դու պիտի ամեն ամիս 30.000 դրամ վճարես քո փոքրիկ, չնչին աշխատավարձից…
Եթե ես այս քայլին գնամ և պահանջեմ իմ աշխատողներից, ես կկորցնեմ իմ աշխատողներին, ես կկորցնեմ իմ բիզնեսը: Մենք հազիվ պահում ենք մեր բիզնեսը, մեր աշխատողներին, հազիվ, մի կերպ այս մեկ տարվա ընթացքում վերականգնվում ենք, փորձում ենք վերականգնվել, բայց դեռ չի ստացվել: Եվ հիմա՝ այս հարվածը: Դժվար է, շատ դժվար է: Չի կարելի հարվածի վրա նորից հարվածել: Մենք ուզում ենք կանգնել, մեզ նորից հարվածում են: Մինչև ե՞րբ, ինչքա՞ն պիտի հարվածեն»,- ասաց Լիկա Մեսրոպյանը:
Լիկա Մեսրոպյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ տպավորություն է, թե պետությունը փորձում է գործատուի միջոցով աշխատողներին ստիպել, որ պատվաստվեն:
«Ստիպում են ոչ թե թեստավորվեն, այլ ստիպում են պատվաստվել: Պետությունը չպիտի իմ ձեռքով ստիպի պատվաստվել: Պետությունը թող ինքը լեզու գտնի քաղաքացիների հետ, ոչ թե ինձ՝ որպես գործատու, օգտագործի, որ այդ քայլերը ես անեմ…
Ես որքան կկարողանամ իմ աշխատողին պաշտպանել, ես կպաշտպանեմ: Եթե հարցը կհասնի ինձ պատժելուն, ես կպատժվեմ: Ամեն դեպքում ես՝ որպես ղեկավար, չեմ պատրաստվում ստիպել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, եթե տեսչական մարմնից իր ընկերություն ստուգման գնալու դեպքում չտեսնեն աշխատողների պատվաստված լինելու վկայականը կամ ՊՇՌ բացասական արդյունքով թեստերը, Laki Dessert Art Studio-ի հիմնադիր տնօրենն արձագանքեց.
«Ես պատրաստվում եմ փակել իմ բիզնեսը: Վերջ: Ես կգտնեմ իմ ճարը: Ունեմ 20 աշխատող, թող 20 աշխատողը գտնեն իրենց ճարը, ես էլ կգտնեմ իմ ճարը: Գուցե երկրից կհեռանամ, գուցե կարուձևով կզբաղվեմ տանը նստած: Մի բան կգտնեմ: Ես պատրաստ եմ բիզնեսը փակել, բայց պատրաստ չեմ ստիպել իմ աշխատողներին անել այն, ինչն իրենց կամքով չէ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ