ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Հայաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրեջանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, ԼՂ հակամարտության գոտում զորավարժությունների իրականացումը խաթարում են տարածաշրջանում դե-էսկալացիայի ջանքերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ: