Սեպտեմբերի 6-ին իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց համաշխարհային և ֆրանսիական կինոյի աստղ Ժան-Պոլ Բելմոնդոն:
Ստորև ներկայացնում ենք izbrannoe.com կայքում հրապարակված նրա ուշագրավ մտքերը:
- Երբ առաջին անգամ ոտք դրեցի բեմի վրա, ինձ կրծում էին կասկածները: Նույն կասկածներն ունեի, երբ նկարահանվում էի իմ առաջին ֆիլմերում: Բայց միշտ պետք է առաջ գնալ՝ ցուցաբերելով խիզախություն, ինչը, սակայն, չի բացառում կասկածները:
- Պետք է ընթանալ սեփական ճանապարհով՝ չմտածելով ոչ մեկի մասին: Արա այն, ինչ ուզում ես: Յուրաքանչյուրը, միևնույն է, իր խաղն է խաղում:
- Երկարակեցության ինչ-որ հատուկ գաղտնիք գոյություն չունի: Ես պարզապես շատ եմ ուզում, որ սա հնարավորինս երկար շարունակվի: Ես ապրել եմ ուզում:
- 30-ն անց կանայք իրենց լավագույն ծաղկուն շրջանում են գտնվում, բայց 30-ն անց տղամարդիկ չափազանց ծեր են դա հասկանալու համար:
- Այլևս չեմ վերադառնալու ոչ թատրոն, ոչ կինո: Այժմ իմ գլխավոր նախագիծը ոչինչ չանելն ու կյանքը վայելելն է:
- Ես ապրում եմ ներկայով, պահի թելադրանքով, ու դա հիանալի է:
- Չեմ ուզում լինել ֆրանսիական կինոյի թռչող պապիկը:
Վերջին միտքը Ժան-Պոլ Բելմոնդոն արտահայտել է՝ պատասխանելով այն հարցին, թե չի՞ ուզում արդյոք հանճարեղ դերասանը վերադառնալ նկարահանումներին ու տարատեսակ մարզական ու ֆիզիկական հնարքներ կիրառելուն, ինչով հայտնի են նրա մարմնավորած դերերը:
Ժան-Պոլ Բելմոնդոն մահացավ կյանքի 89-րդ տարում: Նրա հուղարկավորությանը մասնակցում էին բազմաթիվ ֆրանսիացիներ՝ երկրի նախագահ Էմմանուիլ Մակրոնի գլխավորությամբ:
Ֆրանսիական կինոյի գերաստղին վերջին հրաժեշտը տվեցին իր խաղացած, թերևս, ամենահայտնի ֆիլմի՝ «Պրոֆեսիոնալի»՝ իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հանրահայտ երաժշտության հնչյունների ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում
Հրապարակման պատրաստեց 168.am-ը