«Պատերազմի թեժ օրերին մի օր զանգել էր մորն ու ասել. «Մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին…». 1 տարի առաջ այս օրը զոհվեց Հարությունյան Հարությունը». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պատերազմի թեժ օրերին մի օր զանգել էր մորն ու ասել. «Մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին…». 1 տարի առաջ այս օրը զոհվեց Հարությունյան Հարությունը». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Հարությունյան Հարությունը Երևանից էր։ Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան։ Դեռևս 2017-ին էր զորակոչվել բանակ, ծառայել Մարտունի 3-ում: Չնայած նրան, որ 2019-ին էր զորացրվել, պատերազմի լուրն առնելուց անմիջապես հետո նա մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 27-ին Հարությունն արդեն Ասկերանում էր։

Պատերազմի օրերին մի օր զանգել էր մորն ու ասել.

-Մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին (ընկերուհուն) ու կանչիր, թող գա մեր տանը քո աչքի առջև հաց ուտի:

Արփինեն եկավ, բայց սեղանին դրված թխվածքը կուլ չգնաց առանց Հարութի, ասաց.

-Թող մնա, ինքը կգա, կուտի…

Չեկավ Հարությունը… Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 8-ին, Ակնայի (Աղդամի) դիրքերը պաշտպանելիս անօդաչուի հարվածից զոհվեց Հարությունը։

Ընկերները պատմում են, որ որտեղ վտանգ էր, այնտեղ Հարութն էր։ Երբեք չէր ընկճվել, միշտ երգով ու հումորով է անցկացրել պատերազմի ընթացքը։ Աշուղական ու հայրենասիրական երգեր էին երգում, բարձր պահում զինվորների ոգին։

Հիշատակդ վառ, Հարութ ջան, հիշատակդ վառ, հայրենասեր տղա»։



Նման նյութեր