Հայաստանն ու Իրանը մանրամասն կքննարկեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան հատվածը շրջանցող այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա կրկին հավաստիացրեց, որ Աղվանի–Տաթև ճանապարհահատվածի շինարարությունը պետք է ավարտվի այս տարվա նոյեմբերին։ Ըստ նրա, հայկական կողմն իրանցի գործընկերների հետ քննարկումներ են վարում բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ այս ճանապարհի շուրջ։
«Առաջիկայում նաև որոշակի այց ենք նախատեսում, որի շրջանակներում ենթադրում եմ ավելի մանրամասն կանդրադառնանք այդ հարցերին», – նշեց նախարարը։
Սանոսյանը նկատեց, որ Աղվանի–Տաթև ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ու ընթանում են գրեթե 24 ժամյա ռեժիմով։ Ժամանակ խնայելու ու ճանապարհն ավելի շուտ շահագործման հանձնելու նպատակով որոշվել է որոշակի հատվածներում միայն երկու շերտ ասֆալտ փռել՝ նախատեսված երեքի փոխարեն։
«Եթե հետո թերություններ ի հայտ գան, երրորդ շերտի տեղադրելուց դրանք կուղղենք։ Բայց երկու շերտերը բավարար են, որ ճանապարհը անցանելի լինի», – ընդգծեց նա։ Նախարարը նաև նշեց, որ իրանական կողմի հետ քննարկումներ են ընթանում նաև Հյուսիս–Հարավ ճանապարհի շուրջ, և Թեհրանը հետաքրքրված է կառուցման աշխատանքներով։ Նա տեղեկացրեց նաև, որ այդ ճանապարհի կառուցման նպատակով բավական մեծ մրցույթ կհայտարարվի, որին կկարողանան մասնակցել բազում միջազգային կազմակերպություններ։
Հարցին. թե ինչու է մրցույթը հայտարարվում միայն 2022 թվականի նոյեմբերին, նա նշեց, որ դա բավականին ծավալուն պրոցես է և չի կարող արագ տեղի ունենալ։ Ըստ նրա, միջազգային վարկային միջոցներ են ներգրավված ու կան հարցեր, որոնք պետք է համաձայնեցնել գործընկերների հետ։