Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պայմանավորվել են այսուհետև խիստ գաղտնի վարել ապահարզանի գործընթացը: Փաստաթղթերի քննությունը հանձնարարված է դատավորին: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է AP գործակալությունը, որը վկայակոչում է Ջոլիի և Փիթի հայտարարությունը:
Ջոլին ապահարզանի դիմում էր ներկայացրել՝ երկյուղելով իր վեց երեխաների անվտանգության համար: Դերասանուհին վկայակոչել է Փիթի հետ անհաշտելի հակասությունները և պահանջում է երեխաներին մեծացնելու լիակատար ու անբաժանելի իրավունք տրամադրել իրեն: Նա դեմ չէ, որ հայրը ժամանակ առ ժամանակ հանդիպի նրանց հետ: Մինչդեռ դերասանը պնդում է երեխաների դաստիարակությանը լիարժեք մասնակցելու իր իրավունքը:
Զույգը միասին ապրել է 10 տարի և ամուսնական դաշինք է կնքել միայն 2014 թվականի օգոստոսի 23-ին: 52-ամյա Փիթը և 41-ամյա Ջոլին ունեն վեց երեխա, որոնցից երեքը հոգեզավակներ են: