Facebook-ն առաջնահերթություն է տալիս բացասականին․ Washington Post
Advertisement 1000 x 90

Facebook-ն առաջնահերթություն է տալիս բացասականին․ Washington Post

Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերի արտահոսքին, Facebook-ն օգտագործել է օգտատերերի բացասական էմոջի-արձագանքները՝ նորությունների հոսքերում որոշակի գրառումներ գովազդելու համար: 2017 թվականից ի վեր ընկերության վարկանիշային ալգորիթմները բացասական էմոջիները համարում են հինգ անգամ ավելի արժեքավոր, քան սովորական հավանումները: Այսպիսով, բազմաթիվ բացասական արձագանքներ ստացած գրառումներն ավելի ակտիվորեն առաջ են մղվել սոցցանցերի ալգորիթմների կողմից։ Ընկերության մասնագետները դա նկատել են միայն 2019 թվականին։

Ընկերության փակ ներքին հետազոտությունը հաստատել է թերության առկայությունը, որի շնորհիվ Facebook-ը երեք տարի շարունակ համակարգված մեծացրել է կայքում բացասական բովանդակության ծավալը։ Սա զգալիորեն մեծացրել է մոդերատորների և ներքին թիմերի ծանրաբեռնվածությունը, որոնք գործիքներ են մշակում անցանկալի բովանդակությունը վերահսկելու համար: Խնդրի քննարկումները պարբերաբար տեղի են ունեցել ընկերության ներսում, սակայն Կոնգրեսին և ԶԼՄ-ներին դրանք հայտնի են դարձել միայն ընկերության նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենի կողմից ներքին փաստաթղթերի արտահոսքից հետո։

Աշխատակիցները բազմիցս բարձրացրել են Facebook-ի վարկանիշում բացասական արձագանքների հարցը, սակայն ղեկավարությունը հաճախ մերժել կամ անտեսել է այդ մտահոգությունները: Ներքին քննարկումներում որոշ աշխատակիցներ նշում են զայրույթը՝ որպես մարդկային հիմնական զգացմունք, իսկ մյուսները նշում են, որ նման արձագանքների խթանումն անհրաժեշտ է կոռումպացված ռեժիմների դեմ բողոքի ակցիաներին աջակցելու համար: Թիմը համաձայնության չի եկել այս հարցում և դեռ աշխատում է այն հարցի շուրջ, թե ինչպիսի բովանդակություն է համարվում բացասական և ինչպես պետք է  ցուցադրել այն լրահոսում:

Facebook-ը չի հրապարակում չափանիշների ստույգ ցանկը, որոնցով սոցիալական մեդիայի ալգորիթմն առաջնահերթություն է տալիս։ Նաև Washington Post-ի նյութում տեղեկություններ չկան այն մասին, թե ներկայումս ինչպես են գնահատվում էմոջի-արձագանքները: Էմոջիներ դնելը օգտատիրոջից ավելի շատ գործողություն է պահանջում, քան սովորական հավանումները: Ըստ այդմ, տրամաբանական է դրանք օգտագործել որպես ավելի ծանրակշիռ չափանիշ՝ գրառումների վարկանիշում։ Ինչպես նշել է Washington Post-ը, օգտագործելով այս մեխանիզմը՝ Facebook-ը կարողանում է զգալիորեն ազդել հասարակական կարծիքի և տրամադրության վրա։

Սիրարփի Աղաբաբյան