Մարդկանց մոտ հիվանդությունների մի ամբողջ շարքի առաջացման ամենացածր վտանգը եղել է այն դեպքերում, երբ մարդիկ պառկել են քնելու ժամը 22.00-ից ոչ շուտ, եւ 23.00-ից ոչ ուշ։ Այսպիսի եզրահանգման են եկել նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է Սրտաբանների եվրոպական ընկերության ամսագրում։
Ինչպես նշում է Medportal.ru-ն, հետազոտությունում օգտագործվել են Բրիտանական բիոբանկի ավելի քան 88 000 մասնակցի տվյալները։ Գիտնականներին հետաքրքրում էր տեղեկատվությունը կամավորների սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաեւ այն ժամանակի մասին, երբ նրանք սովորաբար պառկել են քնելու, որը գրանցել են դաստակին դրված հատուկ գաջեթները (սլիփթրեքեր)։
Մասնակիցներին հետեւելու տեւողությունը 5,7 տարի էր, այդ ընթացքում նրանց մեջ գրանցվել է սիրտ-անոթային հիվանդությունների 3172 դեպք։ Պարզվել է, որ այդպիսի հիվանդությունների առաջացման ամենաքիչ վտանգ եղել է այն մարդկանց մոտ, ովքեր պառկել են քնելու ժամը 22.00-ից ոչ շուտ եւ 23.00-ից ոչ ուշ։ Հատկանշական է, որ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի եւ քնի անցնելու ժամանակի կապն ավելի ուժեղ էր կանանց մոտ։
Գիտնականների խոսքով՝ ավելի ուշ քնելու ժամանակը կապված է խորացած սրտային անբավարարության ռիսկի հետ։ Ամենավտանգավոր ժամանակը կեսգիշերից հետո է. որքան ավելի ուշ է մարդը պառկում քնելու, այնքան ավելի բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։