Սյունիքի մարզում 7 այլընտրանքային ճանապարհ է կառուցվում: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, մասնավորապես ճանապարհներ են կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում:
«Բացի, այդ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ ենք կառուցում, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց Սյունիքի մարզի ճանապարհների կառուցման ընթացքից:
Գնել Սանոսյանը ասաց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը ամբողջովին պատրաստ է:
«Տաթև-Աղվանի հիմնական հատվածը` նույն M2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է` Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը և շրջանցենք, և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան: Մյուս ճանապարհների վրա ևս աշխատանքներ են ընթանում բավականին ակտիվ կերպով»,- ասաց Սանոսյանը: