ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ երեկ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ գերմանական կազմակերպության Հայաստանի ազգային համակարգող Ա. Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա.Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Գառնի» տաճարից դեպի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» բնության հուշարձանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնի ուղղությամբ ճանապարհի և համապատասխան ենթակառուցվածքների նախագծերի, ինչպես նաև տարածքների կառավարման մոդելի վերաբերյալ հարցեր:
Կարևորելով Հայաստանում էկոտուրիզմի զարգացման խթանումը` Խաչիկ Հակոբյանն առաջարկել է առաջիկա հանդիպման ընթացքում ներկայացնել նախագծի ընդլայնման հնարավորությունները:
Անդրադարձ է եղել նաև CNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում` Գառնիի «Բազալտե երգեհոն» /Քարերի սիմֆոնիա/ բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերին: