Ալեն Սիմոնյանը` նոր ավտոմեքենա գնելու մասին
Advertisement 1000 x 90

Ալեն Սիմոնյանը` նոր ավտոմեքենա գնելու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ԱԺ նախագահին առնչվող վերջին ժամանակներում հանրային լայն քննարկումների արժանացած թեմաների։ Ի թիվս այլ հարցերի՝ հեռուստամեկնաբան Ժիրայր Ոսկանյանն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենայից՝ մասնավորապես ճշտելով, թե ինչո՞վ էր պայմանավորված Կառավարության կողմից նման խոշոր գնում անելու հրատապությունը։

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշել է, որ հարցի մեջ մի քանի սխալ կար։ Կառավարությունը ոչ ոքի համար ոչ մի բան չի գնում։ Ազգային ժողովն ունի իր բյուջեն և իր բյուջեի խնայողություններով կարողանում է լուծել որոշակի խնդիրներ։

Որպես օրինակ՝ նա նշել է այս պահին ԱԺ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։ Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեքենաները պետք էր շատ վաղուց փոխել։ «և ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- նշել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։ Շարունակելով թեման՝ օրենսդիր մարմնի նախագահն ասել է, որ Հայաստանում առկա ներկայացուցչական դասի մեքենա գնելու որոշում է կայացվել:

«Ինչո՞ւ ներկայացուցչական դասի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ, գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ և, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետութունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն դոլար։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։

«Նաև շահարկվում է, որ կարելի է գումար հատկացնել առաջնագծի կահավորմանը։ Դրան էլ եմ ուզում անդրադառնալ։ Ինչո՞ւ մենք ունենք իրավիճակ հեղափոխությունից հետո, որ բանակն ինչ-որ հայտ է ներկայացրել Կառավարությանն, ու Կառավարությունն այն մերժել է՝ բացատրելով, որ գումար չունե՞նք։ Կրկնեմ՝ Կառավարությունը գումար չի հատկացրել, և սա իմ մեքենան չէ, սա պետության մեքենան է։ Սա Ալեն Սիմոնյանի մեքենան չէ, ինչպես գրվում է տարբեր վերնագրերով։ Ուզում եմ ֆիքսենք, որ այս քայլն արվել է ավելի մեծ ծախսերից խուսափելու համար։ Ազգային ժողովի ավտոպարկն անմխիթար վիճակում է։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավել տոկոսով կրճատվել են։ Նույնն արել է Ազգային ժողովը։ Այո, ես չեմ վախենում որևէ քննադատությունից։ Ազգային ժողովում փոփոխություններ են լինելու, և այդ փոփոխություների հետ կապված ես վայրկյան անգամ չեմ վարանելու»,– ասել է նա: