«Պլպլան» պադավատները բարով վայելեք, իսկ դիրքերը ե՞րբ եք կահավորելու… Ռիկե Տուբորգն էլ նամակ չի՞ գրում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Պլպլան» պադավատները բարով վայելեք, իսկ դիրքերը ե՞րբ եք կահավորելու… Ռիկե Տուբորգն էլ նամակ չի՞ գրում

Նախատեսվում է 90 տոկոսով կրճատել պետական համակարգի ծառայողական ավտոմեքենաների թիվը. իշխանության նորամուտին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար, այսօր արդեն պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը (Դիջեյ Էդո):

«Հնարավոր է, որ որևէ մեկ տաքսի ծառայության հետ աշխատենք կամ ծառայողական մեքենաների թիվը կրճատենք ու սահմանենք հերթապահության համակարգ»,- ասել էր նա՝ վստահեցնելով, որ դրանով բյուջեն կխնայի միլիարդավոր դրամներ:

Սրան հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի կողմից հեծանվով աշխատանքի գնալու, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի մետրոյով տուն գնալու փորձերը, որոնք, սակայն, ավարտվեցին դեռ նոր սկսած…

Հիշեցնենք, որ 2015թ. «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իրեն բնորոշ ձայնային ալեգորիաներով հայտարարում էր, որ իր գործընկերների համար 2 լուր ունի՝ լավ և վատ: Վատն այն էր, որ 2016թ. բյուջեով եկամուտները շուրջ 8 մլրդ դրամով պակասել են, այսինքն՝ կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը չեն ավելանա: Լավ լուրն այն էր, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 83 հատով և մյուս տարի կազմելու է 1072:

Համեմատելու համար, թե դա 2.8 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Հայաստանի համար շա՞տ է, թե՞ քիչ, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը հարցում էր արել 5.6 մլն բնակչություն և 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայի խորհրդարանին ու Ռիկե Տուբորգ անունով պաշտոնյայից պատասխան ստացել, որ այնտեղ միայն խորհրդարանի ղեկավարն ունի ծառայողական ավտոմեքենա, ամբողջ Դանիայում դրանք ընդամենը թվով 23-ն են:

«Ես նրա նամակը կարդալիս՝ աչքերիս չեմ հավատում, նորից եմ նամակ գրում, ասում եմ՝ ա՛յ հարգելի Ռիկե Տուբորգ, խնդրում եմ՝ սթափվեք, լրջացեք մի հատ, ձե՞ռ եք առնում, ո՞նց թե ցելի խորհրդարանում, ցելի Դանիայի, ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Էս Ռիկե Տուբորգը մնաց անհողդողդ իր դիրքերի վրա, մինչև վերջ պնդեց, որ՝ այո՛, Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը:

Հիմա, տիկնայք և պարոնայք, մի փոքր ուշադրություն՝ Հայաստանի ԱԺ-ում կա 82 հատ ծառայողական ավտոմեքենա: Էն, որ ԱԺ նախագահը ծառայողական մեքենա պետք է ունենա, դա չեն քննարկում նույնիսկ Դանիայում: Լավ, մենք հինավուրց խորհրդարան ենք, վաստակաշատ, բարձր կարգով, մեր խորհրդարանի փոխխոսնակներն էլ ունենան, լավ, քարը գլուխը, թող 6 խմբակցությունների ղեկավարներն էլ ունենան ծառայողական ավտոմեքենա, լավ, մենք չափազանց առատաձեռն ենք՝ 12 մշտական հանձնաժողովների նախագահներն էլ թող ունենան, և նրանց տեղակալներն էլ ունենան, լավ, աշխատակազմի ղեկավարն ու 3 տեղակալներն էլ՝ ձեզ նվեր: Բա ինձ մի հատ բացատրեք՝ էն 40-45 հոգին ովքե՞ր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան,- կրկնում ենք՝ 2015թ. ԱԺ-ում հայտարարում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մոտավորապես նույն վիճակն է կառավարության աշխատակազմում՝ կա 292 աշխատող և թվով 81 ծառայողական ավտոմեքենա,– Մի հատ փորձեք, տիկնայք ու պարոնայք, կառավարության անդամներ, գազելների մեջ կռացած կամ կարտոշկա տեղափոխող գռուզավիկի նման ընթացող ավտոբուսի մեջ գործի գնացեք, ինչպես ամեն օր ուղարկում եք տարեցներին, դեռատի կանանց, աղջիկներին: ԿԲ նախագահներ, ֆինանսների նախարար, երկուսն էլ պաշտոնական թվերով միլիոնատեր են դոլարով, եկել էս ամբիոնից Դանիայի չինովնիկի աշխատավարձերն են լացում, աշխատավարձի հույսին են մնացել խեղճերը: Դուք որ Դանիայում պաշտոնյա աշխատեիք՝ ընենց, ոնց Հայաստանում եք աշխատում, ոչ թե ամեն օր բռանիռովննի լիմուզինով գործի կգնայիք, դուք ամեն օր պալասատովի պիժամայով կգնայիք զբոսանքի օրը երկու ժամ»:

Ընդդիմադիր Ն. Փաշինյանը այն ժամանակ զարմանում էր՝ ինչպե՞ս կարելի է՝ ՀՀ-ում տարեկան 1.3 մլրդ է ծախսվում ծառայողական ավտոմեքենաների սպասարկման համար, մինչդեռ սահմանամերձ համայնքներին աջակցություն պետական ծրագրով հատկացնում են 928 մլն դրամ, այսինքն՝ պադավատների փողից 400 մլն դրամով պակաս.

«… Կարող է պարզվի, որ մենք ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թվով գերազանցում ենք ոչ միայն՝ Դանիային, Մեծ Բրիտանիային, այլև՝ նույնիսկ Չինաստանին, ՌԴ-ին, ԱՄՆ-ին: Ու մինչ սահմանադրական փոփոխությունների «այո»-ի ու «ոչ»-ի ճակատները քննարկում են, թե ՀՀ-ն ինչպիսի պետություն պետք է լինի, կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն: Ահա սա է մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումը»,- հայտարարում էր նա՝ քննադատության ենթարկելով 2015թ. իշխանություններին:

Վերադառնանք 2021 թվական: Ինչ է անում վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը:

Ոչ տաքսի, ոչ հեծանիվ, ոչ մետրո. այսօր տեղեկացանք, որ պադավատիզմը քննադատող Փաշինյանի կառավարությունը, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, հավանություն է տվել նախագծին, ըստ որի՝ պետբյուջեից հրատապ կարգով 90 միլիոն դրամ կհատկացվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին BMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ. արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումներն այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն։ Գնումը կիրականացվի Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին։

90 միլիոն դրամ. պատերազմի արհավիրքն անցած երկրի համար «շա՞տ է սա, թե՞ քիչ»՝ «Հայկական ժամանակ»-ի նախկին խմբագրի ոճով կարող ենք հարցնել մենք, ապա կրկին այդ լրատվամիջոցից ոգեշնչված՝ արձանագրել. ստացվում է՝ մենք պատրաստ ենք այս պայմաններում մեր վերջին գումարները նվիրաբերել՝ նրանց համար ճոխ ու պլպլան «պադավատներ» գնելու համար, իսկ, օրինակ, եվրոպացի շատ պաշտոնյաները այնքան չեն «հասկանում», որ աշխատանքի են գնում հեծանվով կամ հասարակական տրանսպորտով:

Բայց ինչպես ասում են, այս իշխանությունների օրոք նման ծախսերով չես զարմանա. այս կոլաժի մաս է նաև վարձակալված մասնավոր օդանավը, որով 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ուղեկիցները մեկնել էին ԱՄՆ, ապա վերադարձել Հայաստան:

Հիշեցնենք՝ ըստ «Հետք» -ի հետաքննության՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին Գյումրիում ՀՀ անկախության 28-ամյակի միջոցառումներին մասնակցելուց հետո Փաշինյանը երկրից մեկնել էր բիզնես դասի ամերիկյան «Gulfstream G550» ինքնաթիռով, որը վարչապետին ԱՄՆ տեղափոխելու համար Գյումրու «Շիրակ» օդանավակայան էր ժամանել Կիևից նույն օրը՝ ամսի 21-ին: Գյումրուց արդեն Փաշինյանի հետ այն թռել էր Իռլանդիա՝ «Շանոն» օդանավակայան, որտեղ վառելիքի լիցքավորում էր կատարվել, ապա այնտեղից մեկնել էր Լոս Անջելես՝ Վան Նայսի օդանավակայան, որտեղ վայրէջք էր կատարել տեղական ժամանակով սեպտեմբերի 21-ի երեկոյան:

«Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել ոչ թե ՀՀ կառավարական օդանավով, այլ վարձակալված մասնավոր ինքնաթիռով, ինչը բավական թանկ հաճույք է (մամուլը գրեց, որ վարձակալությունն արժեցել է 300-400 հազ. դոլար), նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջով հանդես եկավ պարզաբանմամբ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ կատարվել է չարտերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի (մոտ 350 հազ. Դոլար.- խմբ.), իսկ չարտերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։

Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղևորվելու է Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։

Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երևան։ Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ ևս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»,- նշել էր լրատվամիջոցը:

Ի դեպ, մամուլում նաև տեղեկություն էր հրապարակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար գնված 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի ավտոմեքենայի մասին, որը գնահատվում է մոտ 550 հազար դոլար:

«Պլպլան» պադավատները բարով վայելեք, իսկ դիրքերը ե՞րբ եք կահավորելու… Ռիկե Տուբորգն էլ նամակ չի՞ գրում…