Աշխարհի սկզբունքները չեն փոխվում, փոխվում են միայն դիսկուրսն ու ձևերը։ 451թվականին Քաղքեդոնում տիեզերաժողով էր, այսինքն բոլոր ՛՛ճիշտ՛՛ քրիստոնյաների ժողովը։ Սակայն Մերձավոր Արևելքի, Կովկասի ու Պարսկաստանի քրիստոնյաներն ունեին խնդիր՝ եթե ընդունեին տիեզերաժողովի կանոնները, ապա դառնում էին ՛՛ճիշտ՛՛ քրիստոնյաներ ու, հետևապես, ընդունում էին Կոստանդնապոլսի կայսեր հանդեպ հպատակությունը (բանաձևը հետևյալն էր՝ Վերևում մեկ Աստված, ներքևում՝ մեկ կայսր) ու հալածվելու էին Պարսկաստանի շահի կողմից, իսկ այդ ժամանակ միայն Պարսկաստանի բնակչության 20-30 տոկոսը քրիստոնյաներ էին, այսինքն պոտենցիալ 5-րդ շարասյուն։
Մյուս տարբերակը՝ չընդունել ժողովի որոշումները , դառնալ ՛՛սխալ՛՛ քրիստոնյա, ու հետևապես չընդունել կայսեր հանդեպ հպատակություննու ստանալ շահի հովանավորչությունը։
Քաղքեդոնի դոգմատիկան առանձնապես ոչ ոքի չէր հետաքրքրում՝ թե Հիսուսի երկու բնույթներն միմյանց հետ ոնց են հարաբերվում, դա ընդամենը քաղաքական ակտ էր։ Հայերը Ավարայրի ճակատամարտը պատճառ բերելով ՛՛թռան՛՛ մասնակցությունից, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա չի օգնում, պետք է որոշում կայացնել։ Երկու հարյուր տարուց ավել այս ու այն կողմ խուսանավելուց հետո որոշում կայացրեցին, այս անգամ արդեն արաբների ՛՛կոշտ՛՛ ուժի կիրառմամբ։
Հիմա նույն բանն է կատարվում, Բայդենը “Հանուն Ժողովրդավարության” տիեզերաժողով է կազմակերպել, որտեղ որոշվելու են, թե ով է ճիշտ ու սխալ ժողովրդավարները՝ այսինքն ով ում գերակայության տակ է, իսկ ժողովրդավարության կոնկրետ ՛՛դոգմատիկան՛՛ ոչ ոքի չի հետաքրքրում ու արդյունքում, ասենք, Իրաքը, կարող է դառնալ ճիշտ ժողովրդավարական երկիր։
Մի խոսքով, աշխարհագրությունը մեզ առաջվա նման ՛՛թռնելու՛՛ հնարավորություն չի թողնում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից