Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հայտնեց, որ Իշխան Զաքարյանը նախօրեին խմբակցությունից դուրս գալու մասին գրություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
Հիշեցնենք՝ AntiFake.am–ը գրել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը մտադրություն ունի դուրս գալ խմբակցությունից։ Մեր տեղեկություններով՝ պատճառը Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ հարուցված ընտրակաշառքի քրեական գործն է։ Աղբյուրի պնդմամբ՝ ընտրակաշառքի գումարը Ռուբեն Խլղաթյանին փոխանցել է Իշխան Զաքարյանը։ Ռուբեն Խլղաթյանը այս մասին ցուցմունք է տվել Իշխան Զաքարյանի դեմ։ Եվ ահա իշխանությունն էլ առիթը օգտագործել է Իշխան Զաքարյանի վրա ճնշում գործադրելու և նրան մանդատը պահպանելով խմբակցությունից դուրս գալուն հարկադրելու համար։ Իշխան Զաքարյանի դեմ երկնտրանք են դրել՝ կա՛մ դուրս գալ ֆրակցիայից՝ Ռուբեն Խլղաթյանի և իր ազատության դիմաց, կա՛մ էլ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Իշխան Զաքարյանն էլ ընտրել է առաջին տարբերակը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ազատ է արձակվել նախնական կալանքից։ Նրա նկատմամբ կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով, քանի որ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Գրել էինք՝ եթե գործը դատարան այդպես էլ չուղարկվի, կարելի է հետևություն անել, որ աղբյուրի հաղորդած տեղեկությունները և Իշխան Զաքարյանի՝ ֆրակցիայից դուրս գալու որոշման դրդապատճառները ճշմարտացի են։ Եվ ահա մեր տեղեկությունները վերջնականապես հաստատվեցին՝ Ռուբեն Խլղաթյանն ազատության մեջ է, իսկ Իշխան Զաքարյանը՝ «անկախ» պատգամավոր։
Աղբյուր՝ AntiFake.am