Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում հիշատակի արարողություններ կիրականացվեն: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Թուրքիայում նախատեսված գլխավոր միջոցառումները տեղի կունենան Անկարայում և Ստամբուլում: Մայրաքաղաք Անկարայի Յուքսել պողոտայում հունվարի 19-ին կկազմակերպվի հավաք, այնուհետև դրա մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ:
Ստամբուլի միջոցառումները մեկնարկում են հունվարի 13-ից: «Ջեզայիր» հավաքների սրահում տեղի կունենա «10 տարի առանց Դինքի» միջոցառումը, որի կազմակերպիչներից է «ԴուրԴե» իրավապաշտպան հարթակը: Հունվարի 14-ին «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամում նախատեսված միջոցառմանը ելույթ կունենա «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Ինչպես ամեն տարի, այս տարվա հունվարի 19-ին ևս գլխավոր հիշատակի արարողությունը կկայանա «Ակոս» պարբերականի խմբագրության նախկին շենքի մոտ` այն վայրում, որտեղ սպանվել էր Դինքը:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հունվարի 19-ին Մաքսիմ Գորկու անվան թատրոնում կկազմակերպվի երեկո «Հրանտ Դինքին հիշել և հասկանալ» խորագրով: Արարողությանը կմասնակցեն թուրք հայտնի լրագրող Ջան Դյունդարը, դերասանուհի Արսինե Խանջյանը և այլոք:
Ֆրանսիայում հիշատակի արարողություններ կիրականացվեն միանգամից երկու քաղաքում` Լիոնում և Փարիզում:
Կանադայի Տորոնտո քաղաքում հունվարի 22-ին նախատեսված միջոցառմանը ելույթ կունենա Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Իսկ հունվարի 21-ին Օտտավայում նախատեսված միջոցառմանը կներկայացնի «Տան մյուս կողմը» («The Other Side of Home») փաստագրական ֆիլմը:
Դինքի սպանության օրը` հունվարի 19-ին, նրա հիշատակին միջոցառում կկազմակերպվի Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում: