Իտալիայում տեղի եպիսկոպոս Անտոնիո Ստալյանոն կրոնական փառատոնի ժամանակ երեխաներին պատմել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի, եւ սկանդալ առաջացրել։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով New York Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ Ստալյանոն, խոսելով երեխաների հետ, ասել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի, իսկ Coca-Cola-ն նրա կոստյումը հորինել է գովազդի համար։ Ծնողները բողոքել են եպիսկոպոսից, իսկ Սիցիլիայի հռոմեական կաթոլիկ թեմը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել։
«Նախ եպիսկոպոսի անունից իմ ափսոսանքն եմ հայտնում այս հայտարարության կապակցությամբ, որը հիասթափեցրել է ամենափոքրերին, եւ ուզում եմ նշել, որ մոնսինյոր Ստալյանոյի մտադրությունները բոլորովին այլ էին»,- գրել է թեմի ներկայացուցիչն իր ֆեյսբուքյան էջին։
Նրա խոսքով` եպիսկոպոսը փորձել է ընդգծել Սուրբ Ծննդյան տոնի իրական նշանակությունը եւ Սուրբ Նիկոլասի պատմությունը, ով նվերներ է բաժանել աղքատներին եւ հալածվել է հռոմեական կայսրի կողմից։ Թեեւ ոմանք, ըստ տեղեկությունների, աջակցել են եպիսկոպոսին` Սուրբ Ծննդի կաթոլիկական իմաստի վրա կենտրոնանալու համար, շատերը նրան մեղադրել են փոքր երեխաներին ուղված կոպիտ խոսքերի մեջ, որոնց մանկությունն արդեն փչացել է համավարակի պատճառով: