Քաղավիացիայի կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ներկայացրել է այն պայմանը, որի առկայության դեպքում հայկական ավիաընկերությունները կկարողանան թռիչքներ իրականացնել եվրոպական ուղղություններով։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔԱԿ–ից հայտնել են, որ հայկական ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել դեպի ԵՄ, եթե սահմանված միջազգային ընթացակարգերի համաձայն` կարողանան ստանալ TCO (Third country operator) թույլտվություն։
«Ներկայումս հայկական ընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել եվրոպական ուղղություններով միայն այն պարագայում, եթե ACMI թաց լիզինգի պայմանագրով օդանավեր վարձակալեն այնպիսի ավիաընկերությունից, որը դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելու իրավունք ունի», – նշված է կոմիտեի պատասխանում։
ՔԱԿ–ից պարզաբանել են, որ վերջերս շուկայում հայտնված հայկական «Flyone Armenia» ավիաընկերությունը կարող է թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ, քանի որ թաց լիզինգի պայմանագիր ունի։
Հիշեցնենք` Եվրահանձնաժողովը 2020 թվականին Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակում, այլ կերպ ասած` «սև ցուցակում»։ Սա նշանակում է, որ հայկական ընկերությունների վրա տարածվելու է ԵՄ շրջանակում շահագործման արգելքը, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ Հայաստանը «սև ցուցակում» է հայտնվել այնպիսի երկրների հետ մեկտեղ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։
Միևնույն ժամանակ Հայաստանն ու ԵՄ–ն դեռևս նոյեմբերի 15-ին ընդհանուր ավիացիոն համաձայնագիր են կնքել, որի համաձայն հայկական և եվրոպական ընկերությունները կարող են անխոչընդոտ թռիչքներ իրականացնել։ Սակայն միայն այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի իր օրենսդրությունը ավիացիոն կանոնակարգին ու ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու գործընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային տրանսպորտի կառավարումը, շրջակա միջավայրի անվտանգությունը, տնտեսական կարգավորումը, սպառողների պաշտպանությունը և այլն։