Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրատեսականությանը:
Կողմերն արդեն իսկ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ են նշանակել: Հայաստանը պնդում է, որ հարաբերությունների կարգավորումը լինելու է առանց նախապայմանների:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նախ շեշտում է՝ սկզբունքորեն կողմ է հայ-թուրքական հարաբերություններում խաղի կանոնների մշակմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
«Հարցը սակայն հետևյալն է՝ երբ, ինչպես և ինչ պայմաններում: Սրանք բանալի խոսքերն են այդ հարաբերությունների «բարելավման», պայմանական ասած… «Բարելավում» բառը հայ-թուրքական հարաբերություններում շատ հարաբերական է, որովհետև ես համոզված եմ, որ թուրքական մտայնության, քաղաքականության մեջ, հատկապես էրդողանական, գերակշռում է պանթուրքիզմի, թուրանական գաղափարախոսությունը: Թուրանի ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է, և թեկուզ փափուկ ուժի միջոցով, տնտեսական գործիքների կիրառմամբ, վտանգ կա, որ Հայաստանը կթուրքացվի և շատ խոցելի վիճակում կհայտնվի: Եվ եթե ինչ-որ պահի Հայաստանում ինչ-ինչ ուժեր փորձեն այդ լծից ազատվել, ապա թուրքական զորքը կներխուժի Հայաստան, և վերջնականապես կվերջանա Հայաստանի պատմությունը: Սա պետք է միշտ հաշվի առնել»: