«Էս պատերազմում հաղթած էլ չլինեինք, գոնե էսքան չնվաստանայինք»․ զոհվածի մայր. hetq.am
Advertisement 1000 x 90

«Էս պատերազմում հաղթած էլ չլինեինք, գոնե էսքան չնվաստանայինք»․ զոհվածի մայր. hetq.am

Որդու կորուստից հետո Ստեփանակերտում Բեգլարյանների ընտանիքը փակեց արդեն երկար տարիներ աշխատող հացի արտադրամասը։

«Հայկն ամեն ինչում օգնում էր՝ սկսած հաց թխելուց մինչև առաքում։ Ասում էի՝ Հայկ ջան, որ դու չլինես, մենք ի՞նչ ենք անելու և, իրոք, Հայկից հետո մենք փուռը փակեցինք»,- պատմում է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Հայկ Բեգլարյանի մայրը՝ Եվա Բեգլարյանը։

Հայկը բանակ էր զորակոչվել 2020թ․-ի ձմռանը, ծառայում էր Ջրականի զորամասում՝ որպես ականանետային մարտկոցի հաշվարկի վարորդ։ Վարորդական իրավունքը ծառայության մեկնելուց մի քանի օր առաջ էր ստացել։

«Հուղարկավորության օրը, որ Հայկին տնից դուրս հանեցինք, տպավորություն էր, թե Ստեփանակերտում եմ, բոլորը, կապ չունի՝ ով որտեղ էր, եկել էին, ու դա, ոչ թե ինձ, ամուսնուս կամ ընտանիքին հարգելով, այլ հենց Հայկին,- պատմում է Եվան,- Հայկը, որ տանում էր հացերը առաքելու, միշտ գումարը քիչ էր բերում, սկեսուրս, որ հարցնում էր պակասող գումարի մասին, ամեն անգամ մի բան հորինում էր։ Իր հուղարկավորության օրը մեզ շատ մարդիկ էին մոտենում ու ասում, որ Հայկը ամեն օր իրենց հաց էր տանում։ Դա էլ պակասող հացերի պատմությունը»։

«Հայկի զոհվելուց հետո ինձ շատերն են ցավակցում, բարեկամներ ունենք, որոնց տղաները 90-ականներին են զոհվել, ինձ ասում են՝ հիմա մեր վիշտը նույնն է, ասում եմ՝ չէ, էդպես մի ասեք, նույնը չի, էս պատերազմում մենք նվաստացանք, հաղթած էլ չլինեինք, գոնե էսքան չպիտի նվաստանայինք»,-ասում է Եվան։

Ամբողջությամբ՝ hetq.am