Ֆրանսիայում առաջին անգամ շուրջ 180 հազար COVID-19-ով ախտահարվածներ են գրանցվել մեկ օրում
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում առաջին անգամ շուրջ 180 հազար COVID-19-ով ախտահարվածներ են գրանցվել մեկ օրում

Ֆրանսիայի հանրային առողջապահության ազգային գործակալությունը դեկտեմբերի 28-ի երեկոյան հայտարարել Է, որ վերջին 24 ժամում երկրում COVID-19-ով վարակվել Է 179 հազար 807 մարդ:

Սա բացարձակ ռեկորդ Է այն արդյունքների թվում, որոնք մեկ օրում գրանցվել են համավարակի սկզբից ի վեր: BFMTV հեռուստաալիքն այդ թվերի կապակցությամբ հիշեցրել Է, որ առողջապահության նախարար Օլիվիե Վերանն անցած շաբաթ հայտարարել Է, որ կորոնավիրուսով ամենօրյա վարակումների քանակությունը երկրում 100 հազարի կհասնի Սուրբծննդյան եւ ամանորյա տոների վերջին:

Սակայն վերջին թվերը շատ ավելի են գերազանցում այդ կանխատեսումը, եւ արդեն անցած շաբաթ մեկ օրում գրանցվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման ավելի քան 104 հազար դեպք: ԶԼՄ-ները ներկայացնում են պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն կորոնավիրուսը, ամենից առաջ, խոցում Է չպատվաստված բնակչությանը:

Վիճակագրությունը ցույց Է տալիս, որ 12 տարեկանից բարձր տարիքի 5,3 միլիոն անձինք դեռ չեն ստացել պատվաստանյութի ոչ մի չափաբաժին, այդ թվում՝ մեկ միլիոնից ավելին 65-ից բարձր տարիքի մարդիկ են: Միեւնույն ժամանակ նշվում Է, որ հաջողությամբ Է ընթանում լրացուցիչ, բուստերային ներարկումների արշավը: Ավելի քան 23 միլիոն ֆրանսիացիներ ստացել են պատվաստման երրորդ չափաբաժինը, ինչը նշանակում Է այն անձանց 88 տոկոսի ընդգրկվածություն, որոնք երկրորդ ներարկումն ստացել են յոթ ամիս առաջ:



Նման նյութեր