Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը

Թեև աշխարհի առաջին կին դեսպան ընդունված է համարել  Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923 թվականից 1952 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում և Շվեդիայում, բայց դա այնքան էլ այդպես չէ:

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին, այսինքն` 3 տարի ավելի շուտ, ուղղակի նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկությունները քիչ են հայտնի:

Ի դեպ, ժամանակակիցների վկայությամբ, նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ` բոլորն ակամա ոտքի են կանգնել…

Դիանան, ում իսկական անունը Անահիտ է, իսկ օրիորդական ազգանունը Աղաբեկյան, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն), բարեկեցիկ ընտանիքում: Նրա ծննդյան տեղի, ինչպես նաև նրա հետ կապված շատ այլ իրադարձությունների մասին տարբեր, հաճախ իրարամերժ տեսակետներ կան: Տարբեր աղբյուրներում Դիանայի ծննդյան վայրը նշված է Բիրման, սակայն Բուենոս Այրեսում տպագրվող «Արմենիա» պարբերականի 1984 թվականի համարներից մեկում որպես նրա ծննդյան վայր է ներկայացվում Նոր Ջուղան: Մեկ այլ տարբերակ է գրվել «Հայ զինվոր» թերթում, որտեղ նշվում է Հնդկաստանի Բոմբեյ (այժմ՝ Մումբայ) քաղաքը:

Իրականում Դիանայի անունը Դայանա է, բայց քանի որ ինքը` Աբգարը, իր անունը հայերեն գրել է Դիանա՝ այժմ ընդունվում է այդ տարբերակը: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ: Մայրը` Զմրուխտը, եղել է հանրահայտ հնդկահայ վաճառական, գրող, թարգմանիչ:

Հայտնի է նաև, որ նա եղել է Մեսրոպ Թաղիադյանի մտերիմը: Հոր մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ Անահիտի ծնողները զբաղվել են կաթնամթերքի արտադրությամբ: Հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստանի նշանավոր Կալկաթա քաղաք, որտեղ էլ նա անգլիական կրթություն է ստացել կանանց մենաստանում:

1890-ին Աբգարը ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ, ով էլ կանխորոշել է օրիորդի հետագա կյանքի ընթացքը: Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել Չինաստանի Հոնկոնգ քաղաքում, որից հետո նորապսակ ամուսնական զույգը ճանապարհորդության է մեկնել Չինաստանի այլ վայրեր և Ճապոնիա: Այստեղ էլ նրանք որոշել են մշտական բնակություն հաստատել` ընտրելով Ճապոնիայի Կոբե քաղաքը: Այստեղ Միքայելը զբաղվում էր մետաքսի վաճառքով, ինչպես նաև Հնդկաստանից Ճապոնիա և Ճապոնիայից Հնդկաստան տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով: Նա հիմնեց առևտրական ձեռնարկություն և բացեց «Great Eastern» հյուրանոցը:

1891-ին ծնվեց Դիանայի առաջնեկը` Ռոզը, հետո որդին` Միքայել կրտսերը, իսկ 1896-ին` Ռութը: 1906-ին` իր ամուսնու անակնկալ մահից հետո, Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը` մինչ որդու չափահաս դառնալը: Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաբանուկ նավահանգիստներից մեկը` Յոկոհամա, որը գտնվում էր Տոկիոյից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ Դիանան բացել է ընդարձակ վաճառատուն, որը առևտուր էր կատարում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Շուտով նրա ընտանիքը մեծ առանձնատուն է գնում Յոկոհամայի Յամատե թաղամասում, որի հյուրընկալ դռները միշտ բաց են եղել ինչպես օտար բարձրաստիճան անձանց, այնպես էլ հայ գաղթականների առաջ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և նրա տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է Յոկոհամայի «The Japan Gazette» անգլալեզու ճապոնական թերթին: Այդ թերթի հրատարակչությունում նրա անգլերեն հրատարակած գրքերից են «The Truth About the Armenian Massacres»-«Ճշմարտությունը հայության ջարդերի մասին» (1910), «The Case of the Armenians»-«Հայկական հարցը», Betrayed Armenia-«Դավաճանված Հայաստան» (1912), «In His Name»-«Իր անունով» (1911), «The Peace of Europe»-«Եվրոպայի խաղաղությունը», «The Peace Problem»-«Խաղաղության հարցը» (1912), «Peace and No peace»-«Խաղաղություն և ոչ խաղաղություն» (1912): Նա նաև կատարել է ժամանակի հանրահայտ «Թայմս», «Ֆիգարո» և այլ թերթերի ու ամսագրերի պատվերները` գրելով հոդվածներ Արևելքի երկրների տնտեսության վերաբերյալ: Բացի հայերենից ու անգլերենից Դիանան տիրապետել է նաև հնդկերենին, ճապոներենին ու չինարենին:

Դիանա Աբգարի գրություններն ու աշխատությունները քաղաքական իրազեկության են բերել շատերին և պատմական մեծ արժեք են ներկայացնում: Նա ստանում և կարդում էր ոչ միայն հայկական ու ճապոնական, այլև ամերիկյան, անգլիական ու հնդկական մամուլը, ինչպես նաև նամակագրական կապեր ուներ աշխարհի քաղաքական, հոգևոր և այլ բնագավառների ճանաչված գործիչների հետ:

Նրա աշխատություններն ու գրքերը, անշուշտ, կատարել են իրենց առաքելությունը` ճապոնական հասարակությանը ծանոթացնելով հայոց ցեղասպանությանն ու հայ ժողովրդին: Այս մասին է վկայում 1919-ին լույս տեսած թուրքական «Թասֆիր» թերթը:

Թուրքական թերթը աշխարհի չորս կողմերից ի վնաս հայերի տարբեր փաստեր էր հավաքում: Հարցումի ընթացքում թուրքերը Կ. Պոլսում գտնվող մի ճապոնացու են հանդիպել: Վերջինս լավատեղյակ էր հայկական ցեղասպանությանն ու ծանոթ հայկական հարցին:

Ճապոնացին մեղադրել է թուրքերին ու խորհուրդ տվել հնարավորին չափով հարմարվել իրենց երկրում ապրող ոչ իսլամ տարրերի հետ, հակառակ դեպքում, կարժանանան Եվրոպայի կշտամբանքին:

Դիանան նաև բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են տեսել եվրոպական ու ամերիկյան մամուլում: Նրա վերջին գործը եղել է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People»-«Հազար պատմվածքների գրքից», «Հայաստանի ու նրա մարդկանց պատմությունները» պատմվածքների ժողովածուն, որը 2004-ին ԱՄՆ-ում հրատարակել է նրա թոռնուհին` Լուսիլ Աբգարը: Ճիշտ է, դրանք գեղարվեստական գրվածքներ են, սակայն բոլորն էլ իրական հիմք ունեն և ներկայացնում են հայ ժողովրդի կյանքն իր հայրենիքում: Աբգարը դրանք լսել և գրի է առել Ճապոնիա հասած հայ փախստականներից:

Դիվանագետը լավատեղյակ էր ինչպես հայ ժողովրդի ծանր վիճակի, այնպես էլ եվրոպական երկրներից տրվող օգնության պակասի մասին: Ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիմայի խոսքերով` «Դիանա Աբգարը, 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում, միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին»: Նա ամեն ինչ արել է Եվրոպայի օգնությունը կազմակերպելու ուղղությամբ, բայց ապարդյուն:

Դիանան ցանկանում էր, որ ԱՄՆ-ը խնամակալ պետություն դառնա Հայաստանի համար, որը նույպես, ինչպես գիտենք, տեղի չունեցավ: Արդյունքում կատարվեց ամենաահավորը. Դիանայի հայրենակիցները, հայ ժողովրդի ստվար զանգվածը զոհ գնաց թուրքական յաթաղանին:

Հենց այդ ժամանակ իր կրթությամբ, հարստությամբ ու հայրենասիրությամբ մեծ համբավ ու հեղինակություն վայելող Դիանան դրսևորեց իր մեծ սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ: Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, ի դեպ, երբեք չէր եղել:

Եվ դա նրան հաջողվեց: Դիանան կարողացավ օգնել բազմաթիվ հայ գաղթականների, ովքեր Սիբիրի և Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ:

Ասում են, որ Ճապոնիայում միշտ էլ հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք են ունեցել և անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում:

Թողնելով իր աշխատանքը` Դիանան անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների և հյուպատոսների մոտ` փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու և նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար:

Նա իր առևտրական գործակալությունը օգտագործել է որպես հայ գաղթականների դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ իր տունը` նրանց ժամանակավոր ապաստարան:

Ճապոնիայում Դիանային այցելել է սուրբ Էջմիածնի պատվիրակ Ռուբեն Ծ. Վրդ. Մանասյանը: Նա Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին ուղղված նամակում գրում է. «Տիկին Դիանա Աբգարը չի եղել հարուստ` ապրելով մի երկրում, ուր օտարների համար փակված է ամեն մի ապրուստի աղբյուր: Նա, շնորհիվ իր լեզվագիտության և մտավոր ընդունակությունների, կարողացել է ապրուստի միջոց ստեղծել և հասարակության մեջ աչքի ընկնող դիրք գրավել: Նա Հեռավոր Արևելքի տիրուհին է, ում դիմում են ամենքը: Երկրաշարժի ժամանակ, երբ հրո ճարակ դարձած Յոկոհամա քաղաքը կործանվում է, և կոտորվում է հարյուր հազարավոր ազգաբնակչություն, տիկին Աբգարյանն իր ընտանիքով փրկվում է Աստծո նախախնամությամբ, բայց կորցնում է իր ամբողջ ունեցվածքն ու միանգամայն ընչազուրկ վերադառնում Կոբե»:

1919 թվականին Դիանան մասնակցել է Խարբինում (Չինաստան) կայացած Սիբիրի և Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, որտեղ նրան ընտրել են պատվավոր նախագահ: 1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում:

Պահպանվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դիանա Աբգարին` վերջինիս հյուպատոս նշանակելու մասին: Նամակում Օհանջանյանը շնորհակալություն է հայտնում նրանից` նորածին հայրենիքի շահերը պաշտպանելու և հայրենակիցների ծանր վիճակը թեթևացնելու համար:

Դիանա Աբգարի դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը և փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաև Սինգապուրի և Ինդոնեզիայի հայերը:

Ժամանակիցների վկայությամբ` Դիանա Աբգարը եղել է զարգացած, կրոնասեր, քաղաքականապես տեղեկացված, գթառատ և հստակ գործող անձնավորություն: Նա ունեցել է նաև շատ տպավորիչ արտաքին ու հմայք: Երբ նա մտել է տարբեր դահլիճներ, բոլոր ազգերի դիվանագետները միշտ ոտքի են կանգնել:

Ճիշտ է, Դիանա Աբգարի գործունեությունը ոչ միշտ է գնահատվել ճապոնացիների և հատկապես հայերի կողմից, բայց Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսը, ըստ արժանվույն գնահատելով Աբգարի գործունեությունը, 1926-ին արժանացրել է նրան հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու և դժվար պահերին նրա կողքին լինելու համար:

Դիանա Աղաբեկի Աբգարը մահացավ 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվեց տեղի օտարերկրացիների գերեզմանատանը` ամուսնու շիրիմի կողքին: Այսօր Աբգարի շիրիմը գտնվում է Տոկիոյում գործող ճապոնա-հայկական բարեկամության խմբի հոգածության տակ:

Դիանա Աբգարի սերունդներն ապրել են ԱՄՆ-ում: 1929-ին Սան Ֆրանցիսկո են տեղափոխվել նրա դուստրը` Ռոզը, ամուսնու` Սամվել Գալստյանի հետ, հետո մյուս դուստրը` Ռութը, իսկ 1945-ին էլ Միքայել Աբգար կրտսերը: Հայկական ոգով մեծացած ու դաստիարակված երեխաները հետագայում աշխույժ գործունեություն են ծավալել Ամերիկահայ Օգնության Խաչի և եկեղեցական շրջանակներում:

Դիանա Աբգարը հայոց պատմության մեջ թողել է քաջ, ազնիվ, խելացի, արդար ու գթասիրտ հայ կնոջ կերպար: Նա չի ապրել Հայաստանում և հայրենակիցների մասին լսել է միայն իր տանը ապաստանած գաղթականներից, բայց եղել է իսկական հայ և ապրել հային վայել կյանքով ու գործունեությամբ:

Գուցե շատերը այսօր նրան չեն հիշում, շատերը, ցավոք, չգիտեն նրա մասին, իսկ պատմության էջերն ու հայ գրականությունը ողողված են պակաս արժանի մարդկանց անուններով, բայց կենդանի են նրա գործունեության արդյունքում ծնված ստեղծագործություններն ու «պտուղները», որոնք հայերի փոխարեն այսօր վայելում են համաշխարհային դիվանագիտությունն ու նրա օտարազգի ներկայացուցիչները:

Գրիգոր Երիցյան

P.S.  2010-ի հոկտեմբերի 18-ին  Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Դիանա  Աբգարի 141-րդ տարեդարձի:  Ներկա էին նրա  ժառանգները, թոռը` Մայքլ Աբգարը և ծոռը` Դենիզ Աբգարը:  Երեկույթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դենիզ Աբգարը դեսպանությանը նվիրաբերեցին իրենց ընտանիքին պատկանող արխիվային նյութեր, ի թիվս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի 1920 թ. հուլիսի 22-ով թվագրված պաշտոնական նամակի պատճենը` Դիանա Աբգարին պատվո հյուպատոսի կոչում շնորհելու և Ճապոնիայի կառավարությանը էկզեկվատուրա հանձնելու թույլտվության վերաբերյալ:

womennet.am